Մեծ դժվարությամբ եմ այս որոշումը կայացրել, մեծ պատասխանատվություն ունեմ և այդ պատասխանատվությամբ գնալու եմ առաջ. համախոհների հետ հանդիպմանը հայտարարեց «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը։

Նա հայտարարեց, որ քաղաքապետի ընտրություններին իր մասնակցությունն ինքնանպտակ չէ․ «Եթե մարդիկ կան, որ քաղաքապետի ընտրություններին մասնակցելն իրենց համար թրենդային, մոդայիկ է, կամ ինքնաներկայանալու միջոց է, թաքստոց է, կամ էլ առաջադրվելով՝ իրենց խնդիրները լուծելու, նաև իշխանություններին մեծ ծառայություն մատուցելու միջոց է, իմ պարագայում դա արժանապատվության, ինքնասիրության, պատվախնդրության, նամուսի, թասիբի հարց է»։

Գրիգորյանը նշեց, որ 18 տարի է՝ մեծ քաղաքականության մեջ է և չի եղել դեպք, երբ իր հնարավորության սահմաններում քաղաքի խնդիրներին լուծում չտա կամ դրանց մասին չբարձրաձայնի։

Նա ներկայացրեց իր անելիքները՝ ինչպես ու ինչ միջոցներով է պատրաստվում առկա հազարավոր խնդիրներին լուծումներ գտնել։

«Սիրելի՛ գյումրեցիներ, այսօր բոլորիդ առաջ հայտարարում եմ, որ Մարտուն Գրիգորյան քաղաքապետն ի վիճակի կլինի փոխելու քաղաքում տրամադրություններն ու բարոյահոգեբանական վիճակը, կառուցելու այն անվտանգ, ապահով ու գունավոր քաղաքը, որտեղ կապրեն ժպտացող մարդիկ։

Մարտուն Գրիգորյան քաղաքապետի պարտքն է լինելու վերականգնել մեր քաղաքում հարգանքը հեղինակություններ ունեցող մարդկանց նկատմամբ, արժանապատվությունը, մարդկային ինքնասիրությունը, ընտանեկան արժեքները, հարգանքը մեծի ու փոքրի նկատմամբ»,-ասաց նա։

Գրիգորյանը նշեց՝ ինքն ամեն ինչ կանի, որ Գյումրին դառնա կանչող, պահանջված տուրիստական քաղաք, «երիտասարդական գժական էներգիայով լի»․

«Սիրելի՛ թիմակիցներ, իմ ամբողջ հեղինակությամբ բոլորիդ առաջ հայտարարում եմ՝ ես կարող եմ և լինելու եմ ձեզ համար այն քաղաքի քաղաքապետը, որին արժանի եք դուք։ Առաջն Աստված, մեր գործն արդար է»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով