ԱՄՆ-ն հրաժարվել է չեղարկել պատժամիջոցը, որն արգելում է Իրաքին իրանական էլեկտրաէներգիա գնել

ԱՄՆ-ն հրաժարվել է դադարեցնել այն  պատժամիջոցների գործողությունը, որոնք Իրաքին արգելում են գնել իրանական էլեկտրաէներգիա, հայտնում է Al Arabiya-ն։

«Նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, որ Իրանի ռեժիմը պետք է հրաժարվի միջուկային զենքի ստեղծման իր նկրտումներից, հակառակ դեպքում առավելագույն ճնշման կենթարկվի: Մենք հուսով ենք, որ ռեժիմը իր ժողովրդի և տարածաշրջանի շահերը վեր կդասի իր ապակայունացնող քաղաքականությունից», — Al Arabiya-ին ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջեյմս Հյուիթը:

Որոշումը համապատասխանում է ազգային անվտանգության նախագահական հուշագրին, ասել է Հյուիթը՝ հավելելով, որ այն երաշխավորում է ԱՄՆ քաղաքականությունը, որն ուղղված է Իրանին տնտեսական կամ ֆինանսական օգնություն չտրամադրելուն:

«Առավելագույն ճնշման արշավը նպատակ ունի վերջ դնել Իրանի միջուկային սպառնալիքին, ձախողել բալիստիկ հրթիռների ստեղծման նրա ծրագիրը և դադարեցնել ահաբեկչական խմբավորումների աջակցությունը»,- ասել է նա։

Հյուիթն Իրանն անվանել է «էներգիայի անվստահելի  մատակարարող», որը չի կարող բավարարել իր ներքին պահանջարկը և կոչ է արել Իրաքին ողջունել իր վարչապետի էներգետիկ անկախության հասնելու ձգտումը՝ իրանական աղբյուրներից իր կախվածությունը վերացնելու ճանապարհով:

«Իրաքի էներգետիկ անցումը հնարավորություններ է ընձեռում ամերիկյան ընկերություններին, որոնք աշխարհի առաջատար փորձագետներն են էլեկտրակայանների արտադրողականության բարձրացման, էլեկտրացանցերի կատարելագործման  և վստահելի գործընկերների հետ հարաբերությունների զարգացման գործում», — ասել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով