Լաթաքիայի բնակիչները զգուշանում են տանից դուրս գալ. մանրամասներ Սիրիայում հայ համայնքում բшխումների հետևանքով տիրող իրավիճակից

Այսօրվա դրությամբ Սիրիա ծովափնյա քաղաքներում բախումները շարունակվում են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում  հայտնեց Հալեպի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ հավելելով, որ  բուն Լաթաքիա քաղաքում իրավիճակը համեմատաբար մեղմ է:

«Անվտանգության ուժեր են տարածված քաղաքում և խուզարկություններ,  գործողություններ են իրականացնում վտանգավոր երևույթները կանխելու համար: Ընդհանրապես՝ քաղաքում մարդիկ զգուշություն են ցուցաբերում, տներից դուրս չեն գալիս: Նույնն է վիճակը Տարտուսում և Բանիասում, որտեղ հայեր քիչ կան, նրանցից ոմանք տեղափոխվել են Հալեպ՝ անվտանգության նկատառումներով: Լաթաքիայում հայերը համեմատաբար մեծաթիվ են, որոնք շարունակում են մնալ իրենց տներում, չեն համարձակվում դուրս գալ, քանի որ կրակոցներ են լսվում և լարված է վիճակը, սակայն քաղաքի կենտրոնում այսօր համեմատաբար ավելի հանգիստ է»,- ասաց նա:

Անդրադառնալով հայ համայնքում տիրող իրավիճակին՝ Պողիկյանը մանրամասնեց, որ երեկ՝ մարտի 8-ին, երկու հայ են զոհվել, ովքեր վերադառնում էին Լաթաքիա և կրակոցների հետևանքով սպանվել են։ Նրա խոսքով՝  ներկայում որոշակի մտահոգություններ կան՝ կապված սննդի, դեղորայքի հետ, քանի որ տեղաշարժը քաղաքում գրեթե կանգ է առել: Ժամանակ առ ժամանակ ընդհատվում է ջրամատակարարումը, բացակայում է էլեկտրամատակարարումը:

«Փակ են եկեղեցին, դպրոցները: Կրթության նախարարությունն այս երկու օրերին քաղաքում  ընդհանրապես փակ է հայտարարել դպրոցներն ու համալսարանները, մինչև իրավիճակը կմեղմանա»,- հավելեց Պողիկյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով