Կորեայի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները ուղղաթիռներով օդային հարձակման գործողություններ են իրականացրել Հյուսիսային Կորեային սահմանակից քաղաքի ուսումնական հրապարակում՝ Freedom Shield լայնածավալ զորավարժությունների շրջանակում: Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը։
Կողմերը ներգրավել են մոտ 400 զինծառայողներ հետեւակային դիվիզիաներից, ինչպես նաեւ մոտ 10 միավոր տեխնիկա, այդ թվում՝ հարավկորեական Surion վեց ուղղաթիռներ։ Զորավարժությունները տեղի են ունեցել Փաջհու քաղաքի զորադաշտում, որը գտնվում է սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա։
Երկուշաբթի Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ զինվորականները սկսել են Freedom Shield լայնածավալ զորավարժությունները, որոնք կտեւեն մինչեւ մարտի 20-ը։ Ընդհանուր առմամբ դրանցում կներգրավվեն մոտ 19 հազար հարավկորեացի զինվորներ եւ սպաներ։ Միջոցառումները բաժանված են հրամանատարաշտաբային զորավարժությունների՝ համակարգչային սիմուլյացիայով եւ դաշտային զորավարժություններով: Մարտի 6-ին հարավկորեական գյուղերից մեկում տեղի ունեցած ռումբերի նետման միջադեպի պատճառով մարտական հրաձգությունները դադարեցվել են։
Երեքշաբթի Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացրել Դեղին ծովում՝ Կագոդո կղզու մոտ, զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարելու համար։ Վարժանքներին ներգրավված են եղել երեք նավ, ռազմածովային հատուկջոկատայիններ եւ առափնյա պահպանություն։ Զորավարժությունների ընթացքում հարավկորեացի զինվորականները փնտրել են նավը, որի վրա այնուհետեւ ուղղաթիռով վայրէջք են կատարել հատուկ նշանակության ջոկատները։

