Սիրիայի առաջնորդն ալավիների սպանության մեջ մեղադրում է Ասադին հավատարիմներին և օտարերկրյա կառավարությանը

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան մեկնաբանել է երկրում տեղի ունեցած արյունալի բախումները, որոնց զոհ են դարձել, ըստ իրավապաշտպանների, ալավիական փոքրամասնության հարյուրավոր խաղաղ բնակիչներ։ Աշ-Շարաան հայտարարել է, որ իրադարձությունների համար մեղավոր են Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերը և ինչ-որ արտասահմանյան պետություն:

Աշ-Շարաան Reuters-ին հայտնել է, որ բախումները սկսել են Ասադի հավատարիմները՝ նախկին նախագահի եղբոր՝ Մահերի 4-րդ դիվիզիայից, որոնց աջակցում էր մեկ այլ երկիր: Ըստ Սիրիայի ղեկավարի՝ իրենք փորձում էին «խռովություն հրահրել եւ միջհամայնքային վեճեր ստեղծել»։

Աշ-Շարաան խոստովանել է նաև, որ ի պատասխան՝ «շատ կողմեր ​​ներթափանցել են սիրիական ափ, և տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ», հաղորդում է BBC-ն։ Սիրիայի ժամանակավոր ղեկավարը չի նշել, թե իր կարծիքով որ օտարերկրյա երկիրնն է ներգրավված բախումներում, սակայն մատնանշել է «այն կողմերին, որոնք պարտվել են նոր իրականության պատճառով»: Reuters-ը գրում է, որ դա ակնարկ է Ասադի վաղեմի դաշնակից Իրանին։ Թեհրանը հերքել է բռնություններին իր մասնակցությունը:

Աշ-Շարաան հայտարարել է, որ անվտանգության ուժերի 200 աշխատակից է սպանվել անկարգությունների ժամանակ, սակայն հրաժարվել է հայտնել զոհերի ընդհանուր թիվը՝ ասելով, որ այդ հարցն ուսումնասիրելու է նաև իր ստեղծած անկախ հանձնաժողովը, որին անդամակցում են նաև ալավիներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով