ԱՄՆ նախագահի՝ բանակցություններին պատրաստ լինելու մասին հայտարարությունները խաբեություն են. Իրանի գերագույն առաջնորդ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին չորեքշաբթի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «եթե ամերիկացիներն ու նրանց դաշնակիցները ռազմական հարված հասցնեն Իրանին, պատասխանը վերջնական կլինի, և նրանք կլինեն պարտվողը», գրում է Mehr-ը։

«Այսօր աշխարհի խուլիգանները հայտարարում են, թե բոլորը պետք է ենթարկվեն իրենց և մեր շահերը վեր դասեն իրենց շահերից, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը միակ երկիրն է, որը վճռականորեն մերժել է դա։ ԱՄՆ նախագահի հայտարարությունը, թե իրենք պատրաստ են բանակցությունների, համաշխարհային հասարակական կարծիքի խաբություն է»,- հայտարարել է նա։

Ըստ այաթոլլա Խամենեիի՝ Վաշինգտոնի հետ բանակցությունները չեն հանգեցնի Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկմանը, ինչպես կարող են պնդել ոմանք։

Նա ընդգծել է, որ բանակցությունները ոչ մի խնդիր չեն լուծի։

«Իրանը մի քանի տարի անցկացրեց միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա, սակայն ԱՄՆ նախագահը խզեց գործարքը», — ասել է այաթոլլա Խամենեին՝ պարզաբանելով, որ «երբ մենք գիտենք, որ նրանք բանակցությունների պայմանները չեն պահպանում, նման բանակցությունների կարիք չկա»:

«Եթե մենք ցանկանայինք միջուկային զենք ձեռք բերել, ԱՄՆ-ն չէր կարողանա մեզ կանգնեցնել»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդը։

Նա կրկին զգուշացրել է ամերիկացիներին, որ չմտածեն Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին՝ հայտարարելով, որ ցանկացած հարձակման կարժանանա պատասխանի, որն էլ ավելի մեծ կորուստներ կբերի իրենց:

«Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ամերիկացիներն ու նրանց կամակատարներն ինչ-որ բան անեն, Իրանի պատասխանը կլինի վճռական և միանշանակ, իսկ պարտվողը կլինի Ամերիկան։ Իրանը ունակ է հարվածել ագրեսորին և անպայման պատասխան հարված կհասցնի»,- ասել է Այաթոլլահ Խամենեին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդին՝ բանակցությունների առաջարկով։

Թեհրանն այսօր հաստատել է, որ ստացել է նամակը, որը հանձնել է ԱՄԷ պատվիրակությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով