Շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց էր․ Պուտինի հետ խոսելուց հետո Թրամփը գրառում է արել

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ շարունակելու են աշխատել ուկրաինական սարսափելի պատերազմին վերջ տալու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցն անվանել է «շատ լավ և արդյունավետ»։ Այս մասին նա գրառում է արել Truth Social-ի իր էջում։
«Մենք պայմանավորվել ենք անհապաղ հրադադարի հաստատման մասին էներգետիկայի և ենթակառուցվածքների բոլոր ոլորտներում՝ գիտակցելով, որ կշարունակենք աշխատել լիակատար հրադադարի հասնելու և, ի վերջո, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս սարսափելի պատերազմին վերջ տալու համար»,- գրել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են խաղաղության պայմանագրի մի շարք կողմեր` ներառյալ այն փաստը, որ հազարավոր զինվորներ են զոհվում, և ինչպես նախագահը Պուտինը, այնպես էլ Զելենսկին կցանկանային, որ այն ավարտվեր:
Թրամփը հավելել է՝ գործընթացը մեկնարկել է ամբողջ ուժով։
«Մենք հուսով ենք, որ հանուն մարդկության բարօրության մենք կիրականացնենք մեր աշխատանքը»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը մոտ 2,5 ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Առաջնորդները քննարկել են ոչ միայն Ուկրաինայի հակամարտության, այնպես էլ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հարցերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով