Գերմանիան 13 տարի անց Սիրիայում դեսպանություն է բացել

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից ավելի քան երեք ամիս անց Գերմանիան հինգշաբթի օրը վերաբացել է իր դեսպանատունը Դամասկոսում, գրում է  Deutsche Welle-ն։

Սիրիայում քաղաքացիական պատերազմի պատճառով 2012 թվականին փակված դեսպանատունը պաշտոնապես վերաբացել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, որը Ասադի տապալումից հետո երկրորդ անգամ է Սիրիա այցելում:

Ըստ Բերբոքի՝ գերմանացի դիվանագետների փոքր խումբը կվերսկսի իրենց գործունեությունը Դամասկոսում, սակայն հյուպատոսական աշխատանքները, մասնավորապես՝ վիզաների տրամադրումը, կշարունակվեն Բեյրութում՝ հարևան Լիբանանում:

Սա նշանակալից քայլ է Բեռլինի և մարդասիրական և անվտանգության մարտահրավերներին բախվող Դամասկոսի ղեկավարության միջև հարաբերությունները վերականգնելու առումով, երբ փորձում է վերակառուցել երկիրը Ասադի տապալումից հետո:

Գերմանիայում ապրում է ավելի քան մեկ միլիոն սիրիացի, որոնցից շատերը լքել են իրենց հայրենիքը արյունալի քաղաքացիական պատերազմի ժամանակ, հայտնում են լրատվամիջոցները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով