24News-ի աղբյուրների փոխանցմամբ, գիշերը ադրբեջանցիների կողմից կրակոցներ են հնչել սահմանի հարավարևելյան հատվածում՝ Գեղարքունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
«Մեր աղբյուրի փոխանցմամբ, անկանոն կրակահերթ է եղել։ Մենք փորձեցինք Գեղարքունիքի մարզի սահմանապահ մի շարք գյուղերի ղեկավարների հետ խոսել, հասկանալ՝ արդյո՞ք լսվել են գյուղում ձայներ։
Կութ, Սոթք համայնքի ղեկավարները նախ նշեցին, որ հետևենք ՊՆ-ի հաղորդագրություններին, բայց և հավելեցին , որ գյուղում իրավիճակը հանգիստ է, ինչպես երեկ է եղել»,–գրել է լրատվամիջոցը։
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ ադրբեջանական զորքերի տեղաշարժ չկա։
«Որպեսզի նման գնահատակն տամ, պետք են հետախուզական տվյալներ: Այս պահին գետնի վրա նման երեւույթ տեսանելի չէ: Մամուլում ապատեղեկատվությունը, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, ՊՆ-ն չի հաստատում: Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի, մեր անձնակազմի վրա, մշտապես ՊՆ-ի կողմից տրվել են հաղորդագրություններ եւ բացատրություններ»,–ասել էր նա՝ կոչ անելով նախքան նման տեղեկությունների հրապարակումը դրանք ճշտել ՊՆ–ից։

