Ֆրանսիան ցանկանում է, որ ԵՄ-ը դիտարկի ԱՄՆ-ի դեմ ամենահզոր պատասխան միջոցի կիրառումը. Bloomberg

Ֆրանսիան ցանկանում է, որ Եվրամիությունը պատմության մեջ առաջին անգամ դիտարկի ԱՄՆ-ի դեմ ամենահզոր պատասխան միջոցի կիրառումը, եթե նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր օգտագործի, որպեսզի դաշինքին ստիպի փոխել քաղաքականությունը, գրել է Bloomberg գործակալությունը։

Նրա տեղեկացմամբ՝ Ֆրանսիան միացել է ԵՄ երկրների փոքր խմբին, որոնք կարծում են, որ այսպես կոչված հակապարտադրանքի գործիքը, որը նախատեսված է հարկադրական առեւտրային եւ տնտեսական միջոցներ կիրառող երկրներին հակահարված տալու համար, պետք է կիրառվի, նշել են խնդրին ծանոթ մարդիկ:

Եվրահանձնաժողովը ներկայում չի դիտարկում հարկադրանքի դեմ գործիք օգտագործելու հարցը, ասել է գործակալության աղբյուրը։

Գործակալության աղբյուրի խոսքով՝ ցանկացած բանավեճ այս գործիքի օգտագործման վերաբերյալ կրում է առանձին բնույթ, քանի որ ԵՄ-ը նախ պետք է իմանա, թե ԱՄՆ-ը ինչ մաքսատուրքեր կհայտարարի ապրիլի 2-ին, եւ արդյոք հարկադրանքի դեմ գործիքը վերաբերելու է դրանց։

ԵՄ առեւտրի գերատեսչության ղեկավար Մարոս Շեֆչովիչը չորեքշաբթի ասել է, որ դաշինքի արձագանքը մետաղների մաքսատուրքերին կհետաձգվի մինչեւ ապրիլի կեսը՝ ավելի շատ ժամանակ տալով Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար:

Bloomberg-ն ընդգծել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ նրա աշխատակազմի ղեկավարը մինչ այժմ ձախողվել են Թրամփի հետ անմիջական կապ հաստատելու իրենց փորձերում։ ԱՄՆ նախագահն իր հերթին բազմիցս բանավոր գրոհել է ԵՄ-ի վրա՝ ասելով, որ այն ստեղծված է ԱՄՆ-ին «վնասելու» համար։

Հակահարկադրման գործիքը հիմնականում նախատեսված էր զսպելու եւ, անհրաժեշտության դեպքում, արձագանքելու երրորդ երկրների կանխամտածված հարկադրական գործողություններին, որոնք առեւտրային միջոցներ են օգտագործում որպես միության կամ առանձին անդամ երկրների ինքնիշխան քաղաքականության ընտրության վրա ճնշում գործադրելու միջոց:

Ենթադրվում է, որ հակաքայլերը կկիրառվեն միայն որպես վերջին միջոց եւ պետք է համաչափ լինեն պատճառված վնասի մակարդակին:

Փաստաթուղթն ընդունվել է ԵՄ-ի՝ իր առեւտրային պաշտպանությունն ուժեղացնելու ջանքերի շրջանակում, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները մաքսատուրքեր սահմանեց արտահանման վրա Թրամփի առաջին վարչակազմի օրոք: Մեկ այլ գործոն է Չինաստանի որոշումը՝ սահմանափակումներ մտցնել լիտվական ապրանքների վրա այն բանից հետո, երբ Թայվանը մերձբալթյան երկրում առեւտրային գրասենյակ բացեց։

Եվրահանձնաժողովը կարող է առաջարկել օգտագործել այս գործիքը, սակայն անդամ պետությունները պետք է որոշեն, թե արդյոք կա հարկադրանքի դեպք, եւ արդյոք այն պետք է օգտագործվի: Ողջ գործընթացի ընթացքում ԵՄ-ը կձգտի խորհրդակցել պարտադրող կողմի հետ՝ լուծում գտնելու համար, ինչպես նաեւ կարող է աշխատել համախոհ գործընկերների հետ, որոնք բախվում են նմանատիպ ճնշումների:

ԱՄՆ-ը նախատեսում է արդեն ապրիլի 2-ից լայնածավալ մաքսատուրքեր սահմանել իր համաշխարհային գործընկերների դեմ։

Թրամփն ասել է, որ մաքսատուրքերը կվերացնեն ոչ սակագնային խոչընդոտները, որոնք, իր կարծիքով, անարդար են, օրինակ՝ ներքին կանոնները եւ գանձվող հարկերը, ներառյալ ԵՄ ավելացված արժեքի հարկը:

ԵՄ-ը, իր հերթին, պնդում է, որ իր ԱԱՀ-ն արդար, ոչ խտրական հարկ է, որը հավասարապես վերաբերում է հայրենական եւ ներմուծվող ապրանքներին:

Հարկադրման դեմ գործիքըի վերջո թույլ կտա ԵՄ-ին կիրառել պատասխանների լայն շրջանակ՝ ներառյալ առեւտրի եւ ծառայությունների, ինչպես նաեւ մտավոր սեփականության որոշ իրավունքների, օտարերկրյա ուղիղ ներդրումների եւ պետական ​​գնումների հասանելիության սահմանափակումները:

Այս ամիս Թրամփը 25 տոկոս մաքսատուրքեր սահմանեց պողպատի եւ ալյումինի ներմուծման վրա՝ դրդելով ԵՄ-ին պատասխան մաքսատուրքերի մասին հայտարարել մինչեւ 26 մլրդ եվրոյի չափով (28,1 մլրդ դոլար) ամերիկյան ապրանքների համար:

Պատասխան մաքսատուրքերը, որոնք հարմարեցված կլինեն յուրաքանչյուր առեւտրային գործընկերոջ համար, որպեսզի փոխհատուցեն ամերիկյան ընկերությունների համար նկատվող ցանկացած անհարմարություն, կարող են գերազացնել մետաղների մաքսատուրքերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով