Գազայի հարավում Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել են ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդն ու նրա կինը

Գազայի հարավում՝  Խան Յունիսի, վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական առաջնորդ Սալահ ալ-Բարդավիլը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաներին:

Հաղորդվում է, որ Բարդավիլի կինը նույնպես զոհվել է։

Երկու ամիս հարաբերական անդորրից հետո Գազայի բնակիչները կրկին փախչում են՝ իրենց կյանքը փրկելու համար այն բանից հետո, երբ Իսրայելը փաստացիորեն հրաժարվեց հրադադարից՝ երեքշաբթի օրը նոր լայնածավալ օդային և ցամաքային արշավ սկսելով ՀԱՄԱՍ-ի դեմ:

Կիրակի վաղ առավոտյան պայթյուններ են որոտացել Գազայի հատվածի հյուսիսային, կենտրոնական և հարավային հատվածներում, երբ իսրայելական ինքնաթիռները հարվածել են մի քանի թիրախների այդ շրջաններում, ինչը, ըստ ականատեսների, երեքշաբթի սկսված հարձակման շարունակությունն էր:

Հայտարարության մեջ ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրել է Բարդավիլի սպանության մեջ, որն աղոթում էր կնոջ հետ, երբ իսրայելական հրթիռն ընկել է Խան Յունիսում գտնվող նրանց վրանի վրա:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն բազմիցս հայտարարել է, որ պատերազմի գլխավոր նպատակը ՀԱՄԱՍ-ի՝ որպես ռազմական և իշխող կազմակերպության, ոչնչացումն է։ Նոր արշավի նպատակն, ըստ նրա, խմբին ստիպելն է հանձնել մնացած պատանդներին։

Երեքշաբթի օրը իսրայելական հարվածների ժամանակ զոհվածների թվում են ՀԱՄԱՍ-ի կառավարության փաստացի ղեկավար Էսսամ Ադալիսը և ներքին անվտանգության ծառայության ղեկավար Մահմուդ Աբու Վաթֆան, ինչպես նաև մի քանի այլ պաշտոնյաներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով