ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը կիրակի օրը լավատեսություն է հայտնել ուկրաինական պատերազմը դադարեցնելու նպատակով Սաուդյան Արաբիայում կայանալիք կարևոր բանակցություններից առաջ և հայտարարել, որ, իր կարծիքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերջ տալ եռամյա հակամարտությանը:
«Ես զգում եմ, որ նա խաղաղություն է ուզում»,- ասել է Ուիտկոֆը Fox News-ին։
Կիրակի ավելի ուշ ԱՄՆ պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում պետք է բանակցություններ վարի ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր մասնակի հրադադարի շուրջ։ Այնուհետև՝ երկուշաբթի օրը, Սաուդյան Արաբիայում կբանակցեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները:
«Կարծում եմ, որ երկուշաբթի օրը Սաուդյան Արաբիայում որոշակի իրական առաջընթաց կտեսնեք, մասնավորապես՝ երկու երկրների միջև Սև ծովում հրադադարի հաստատման առումով: Եվ դրանից ելնելով, բնականաբար, կհասնենք լայնամասշտաբ հրադադարի»,- ասել է Ուիտկոֆը։
Անցյալ շաբաթ Պուտինը համաձայնել էր ժամանակավորապես դադարեցնել ուկրաինական էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները։ Ուկրաինան ընդունել էր Թրամփի 30 օրվա առաջարկը։
Պատասխանելով Արևմուտքի կողմից Պուտինի քննադատության մասին հարցին՝ Ուիտկոֆն ասել է, որ կարծում է, որ յուրաքանչյուր պատմություն երկու կողմ ունի, և նվազեցրել է Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի դաշնակիցների այն մտավախությունը, թե Մոսկվան կարող է քաջալերվել գործարքով և ներխուժել հարևան երկրներ:
«Ես պարզապես չեմ կարծում, որ նա ցանկանում է գրավել ամբողջ Եվրոպան։ Իրավիճակն այժմ շատ է տարբերվում Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից»,- ասել է Ոիիտկոֆը։

