Օդի բարձր ցուցանիշ ունեցող Երևանում թեղիները կլանում են փոշին ու ֆիլտրում օդը, իսկ դա նշանակում է, որ արդեն շենքերի ճակատային մասերը տաքանալու են, իսկ ներսում բնակիչների ջերմային սթրեսն ավելի է շատանալու, որի հետևանքով կլինի արյան մակարդելիության բարձրացում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը՝ անդրադառնալով Թումանյան փողոցում տեղի ունեցած զանգվածային ծառահատումներին:
«Անցած տարվանից Երևանի տարբեր փողոցներում թեղիները կտրում, փոխարենը տնկում են Նիդեռլանդներից ներմուծված սոսիներ կամ հուդայածառեր: Կտրում են առողջ ու պիտանի ծառեր, այնինչ քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ վստահեցնում էին, որ ոջլոտ, հիվանդ ծառեր են հատում»,- ասաց Վարդանյանը:
Երևանի քաղաքապետարանի դիմաց օրեր առաջ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ Երևանում իրականացվող ծառահատումների։ Քաղաքացիներն իրենց դժգոհությունն էին հայտնում Երևանի քաղապետարանի աշխատանքից՝ ընդգծելով, որ այն, ինչ իրականացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, ծառերի՝ սպանդ է։ Փոխարենը քաղաքապետը հակադարձում է՝ ավելի քան 20 գիտնական կարծիք է հայտնել, որ թեղիները պետք է հատվեն ու նոր ծառեր տնկվեն:
Ավագանու անդամը նշեց, որ ստեղծված իրավիճակը կտրուկ ազդելու է հատկապես սիրտ-անոթային հիվանդություն ունեցողների՝ սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքային ու ալերգիկ հիվանդություններ ունեցողների վրա: «Առանց այդ էլ, ՀՀ-ում ԱՀԿ կողմից սահմանված միջինացված թույլատրելի սահմանաչափից շուրջ յոթ անգամ աղտոտված է մթնոլորտը»,- նշեց նա:
Վարդանյանը ծառերի գնումների ոլորտում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը ևս չի բացառում:

