Մենք միշտ ասել ենք, որ Ղարաբաղը ձեր տարածքն է. հուսով եմ՝ շուտով ականատես կլինենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Գերմանիայի նախագահը՝ Ալիևին

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը  շնորհավորել է Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ։ Նա կոչ է արել Բաքվին և Երևանին բաց չթողնել պահը և որքան հնարավոր է շուտ ստորագրել համաձայնագիրը։

«Հուսով եմ՝ շուտով ականատես կլինենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և Հարավային Կովկասում կլինի շատ տևական խաղաղություն: Մենք հասկանում ենք, որ փոխադարձ վստահությունը վերականգնելու համար ժամանակ և ջանքեր է պահանջվում: Սա շատ երկար գործընթաց է», — այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ասել է Շտայնմայերը:

Նա նաև ասել է, «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է», և դա պաշտոնական Բեռլինի ուղիղ ու հստակ դիրքորոշումն է։

«Մենք միշտ ասել ենք, որ դա ձեր տարածքն է, և այսօր մենք հաստատում ենք Գերմանիայի այս ուղիղ և հստակ դիրքորոշումը», — ասել է Շտայնմայերը:

Նախօրեին հաղորդվել էր, որ Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Դյորտե Դինգերը ներողություն է խնդրել Ադրբեջանից՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի պաշտոնական սոցցանցային էջում օկուպացված Արցախի Հանրապետության դրոշի լուսանկարի հրապարակման և արցախցիների թեմային անդրադարձի համար: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով պատկանում է Ադրբեջանին,  բայց այնտեղ հիմնականում հայեր են ապրել»,- երեկվա հրապարակման մեջ գրել էր նախագահը՝ կցելով Արցախի պետական դրոշը:

Այժմ պաշտոնական Բեռլինը ներողություն է խնդրել Բաքվից  նախագահի պաշտոնական էջում «սխալ դրոշի» (օկուպացված Արցախի Հանրապետության-Խմբ.) պատկերը հրապարակելու համար:

«Դաշնային նախագահի սոցցանցերում կարճ ժամանակով հրապարակվել է դրոշի սխալ պատկերը և դրան կից տեքստը՝ կապված Ադրբեջանի շրջաններից մեկի հետ։ Սխալը հայտնաբերելուն պես համապատասխան հրապարակումն անմիջապես ջնջվել է: Հրապարակումն արվել է տեխնիկական սխալի հետևանքով և որևէ նշանակություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման շրջանակում: Ես շատ վրդովված եմ այդ սխալից և ցանկանում եմ անկեղծ ներողություն խնդրել այն սխալ տպավորության համար, որ վերը նշված հրապարակումը գործել է Ադրբեջանում որոշ մարդկանց վրա: Դաշնային նախագահի առաջիկա այցը նպատակ ունի ամրապնդել ադրբեջանա-գերմանական գործընկերությունը և աջակցել տարածաշրջանում ընթացող խաղաղության գործընթացին», — ասված է Դինգերի՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ուղղված նամակում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով