Տուժել է երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 15-ամյա դեռահաս։
Ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում 115 արկ են արձակել Բելգորոդի մարզի Կրասնոյարուժսկի շրջանի տարածքում, Բորիսովի շրջանում տուժել են երկու տղամարդ և 15-ամյա դեռահաս, բոլորը ծանր վիճակում են: Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետի տեղեկություններով՝ անցած օրվա ընթացքում մարզի 32 բնակավայր հարձակման է ենթարկվել Ուկրաինայի կողմից։ Արձակվել է 135 զինամթերք, արձանագրվել է 58 ԱԹՍ-ի հարձակում, որոնցից 33-ը խոցվել են: Բացի այդ, ինչպես ընդգծել է մարզպետը, Ռակիտյանսկի շրջանի վրա ՀՕՊ համակարգով օդային հարձակում է հետ մղվել։ Հաշվետու ժամանակահատվածում տարբեր ավերածություններ են հայտնաբերվել 15 առանձնատներում, ջրամատակարարման օբյեկտում և 5 տրանսպորտային միջոցներում:
«Բերյոզովկա գյուղում մեքենային ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է տուժել, այդ թվում՝ 15-ամյա դեռահաս, որը տեղափոխվել է մանկական մարզային կլինիկական հիվանդանոց: Վիրահատությունից հետո նրան ծանր վիճակում տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Վիրավորում ստացած երկու տղամարդիկ նույնպես Բելգորոդ քաղաքի հիվանդանոցներում են՝ ծանր վիճակում»,-գրել է Գլադկովն իր Telegram-ալիքում։
Բելգորոդի մարզի ողջ տարածքում 2022 թվականի ապրիլի 11-ից հաստատվել է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ։ Ռեժիմի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է ուկրաինա-ռուսական սահմանին իրավիճակի սրմամբ և սահմանամերձ շրջաններում ուկրաինացի զինվորականների ակտիվության աճով:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: