Գիտեք, ամենաբարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի համալիրը, որը դուք նշեցիք, լիովին արդիական է: Սա կրկնում ենք, կարծում եմ, ամեն շաբաթ՝ պատասխանելով հարցերին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսպես է նա պատասխանել լրագրողի այն հարցին, թե ինչպես կարող է Մոսկվան նպաստել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ եռակողմ ձևաչափով լիարժեք փոխգործակցության հնարավորինս շուտ վերսկսումը «իհարկե, կնպաստի Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հաստատմանը»։
«Եվ, իհարկե, մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին երկու երկրների միջև հաշտեցման բոլոր առանցքային ոլորտներում:
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ մասնագիտացված աշխատանքային խմբի շրջանակներում մենք հիանալի զարգացումներ ունենք տրանսպորտի և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում։
Մենք պատրաստ ենք կիսել սահմանազատման և սահմանագծման մեր փորձը։ Իսկ այս ոլորտի մեր մասնագետները, ինձ թվում է, լավագույններից են ճանաչվում հետխորհրդային տարածքում։ Ունենք նաև եզակի քարտեզագրական նյութ։ Մենք կարող ենք օգնել լուծելու հումանիտար խնդիրները, որոնք կուտակվել են հայ-ադրբեջանական հակամարտության տարիների ընթացքում։ Մենք միայն ուրախ կլինենք:
Նորից եմ ասում՝ նոր բան չեմ ասի։ Մենք միշտ ուրախ ենք օգնելու մեր ադրբեջանցի և հայ ընկերներին առաջ մղել հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասել է Մարիա Զախարովան։

