Ռուսաստանը զենքի արտահանման ծավալով աշխարհի առաջատարների հնգյակում է. Պուտին

Ռուսաստանը պահպանում է իր դիրքը աշխարհի զենքի խոշորագույն արտահանողների հնգյակում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ արտահանումը մեծացնելու համար Մոսկվան արտասահմանյան գործընկերներին ոչ միայն զենքի որոշակի տեսակներ, այլև ծառայությունների ավելի լայն տեսականի պետք է առաջարկի։

«Ռուսաստանը շարունակում է մնալ համաշխարհային զենքի շուկայի առաջատար հնգյակում և պահպանում է իր առաջատար դիրքերը արտահանման ոլորտում բազմաթիվ ուղղություններով», -ռազմատեխնիկական համագործակցության հարցերով խորհրդակցության ժամանակ նշել է Վլադիմիր Պուտինը։

«Ռուսական ռազմական արտադրանքի պատվերների պորտֆելն այժմ լուրջ է՝ տասնյակ միլիարդավոր դոլարներ, և մենք պետք է ակտիվորեն մեծացնենք արտահանման մատակարարումների ծավալը», -ընդգծել է Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդը նշել է նաև, որ բարձր մրցակցային միջավայրում ռուսական զենքի արտահանման խթանման համար անհրաժեշտ է բարելավել փոխգործակցությունը արտասահմանյան գործընկերների հետ՝ նրանց առաջարկելով ոչ միայն կոնկրետ զենքեր և ռազմական տեխնիկա, այլև ծառայությունների ավելի լայն շրջանակ՝ «տեխնոլոգիական համագործակցությունից և խոստումնալից մոդելների համատեղ մշակումից մինչև դրանց վերանորոգման և արդիականացման հարցում աջակցություն, ինչպես նաև պահեստամասերի մատակարարում և արտասահմանյան մասնագետների վերապատրաստում»։

Ռուսաստանը 2024 թվականին Global Firepower-ի աշխարհի ամենաուժեղ բանակների վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ ԱՄՆ զինված ուժերը զբաղեցրել են առաջին հորիզոնականը։ Առաջին հնգյակում են նաև Չինաստանի, Հնդկաստանի և Հարավային Կորեայի բանակները, իսկ բրիտանական բանակը նահանջել է հինգերորդ տեղից։ Ուկրաինան զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 15-րդ տեղի համեմատ։ Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել ավելի քան 60 գործոն, դրանց թվում՝ ֆինանսական ցուցանիշները և երկրների աշխարհագրական դիրքը, գրում է «Коммерсантъ»-ը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով