Իսրայելի կողմից Իրանի դեմ ձեռնարկված ուժային գործողության հետևանքով ստեղծված վտանգավոր լարվածության պայմաններում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի ղեկավարությանը և ժողովրդին՝ իսրայելական հարվածների հետևանքով մարդկային զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ։
Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի գործողությունները, որոնք իրականացվել են ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի խախտմամբ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մշտապես աջակցել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին և հանդես է եկել փոխընդունելի պայմանավորվածությունների հասնելու կոնկրետ նախաձեռնություններով։
Պուտինն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը շարունակելու է նպաստել Իրանի և Իսրայելի միջև էսկալացիայի թուլացմանը։

