Պուտինը մեկ ամսում երկրորդ անգամ Շոյգուին ուղարկել է Հյուսիսային Կորեա՝ բանակցությունների

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հունիսի 17-ին մեկնել է Հյուսիսային Կորեա նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ հանձնարարությամբ։ Նա պետք է բանակցություններ վարի Հյուսիսային Կորեայի ղեկավարության, այդ թվում երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ «հունիսի 4-ին նախորդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակում», հաղորդել է Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը, փոխանցել է «Ինտերֆաքս»-ը։ Նշվել է, որ դրանք իրականացվում են Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ 2024թ. հունիսի 19-ին ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի համաձայն։

Շոյգուի այցը Հյուսիսային Կորեա վերջին ամսվա ընթացքում արդեն երկրորդն է։ Վերջինը տեղի է ունեցել հունիսի 4-ին։ Այդ ժամանակ հաղորդվել էր, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Կիմի հետ՝ քննարկելու ուկրաինական ճակատում ստեղծված իրավիճակը, վերոնշյալ համաձայնագրի որոշակի կետերի իրականացումը, ինչպես նաեւ Կուրսկի մարզում կռված կորեացի զինվորների մասին «պատմական հիշողության պահպանումը»։

Մինչ այդ Շոյգուն մարտին էր հանդիպել Կիմի հետ։ Այդ ժամանակ քննարկվել էր Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ վերսկսված երկխոսությունը, ինչպես նաեւ Ուկրաինայում պատերազմը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հաստատել է Ռուսաստանին անվերապահ աջակցությունը եւ հայտարարել ռազմավարական գործընկերության համաձայնագրի պայմաններին իր հավատարմության մասին, որի համաձայն՝ Հյուսիսային Կորեան զենք է մատակարարում ռազմաճակատ եւ զորքեր է ուղարկում Ուկրաինայի զինված ուժերի դեմ պայքարելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով