Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանն աջակցել է Իրանին «իր հստակ դիքորոշմամբ»

Կրեմլը հերքել է որոշ պնդումներ այն մասին, որ Ռուսաստանը չի կարողացել պատշաճ կերպով աջակցել Իրանին, եւ հայտնել է, որ նման հայտարարությունների նպատակը Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերությունները փչացնելն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։

«Այժմ շատերն են ցանկանում յուղ լցնել կրակի վրա՝ Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ գործընկերային հարաբերությունները փչացնելու համար»,-  ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանն իսկապես աջակցել է Իրանին իր հստակ դիրքորոշմամբ։ Եվ, իհարկե, մենք մտադիր ենք ավելի զարգացնել մեր հարաբերություններն Իրանի հետ»,- նշել է նա։

Անդրադառնալով Իրանի տարածքին իսրայելական եւ ամերիկյան հարվածների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման եւ Բաշար Ասադի անկման հետ կապված ՝Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ զուգահեռների վերաբերյալ տարբեր քննարկումներին՝ Կրեմլի խոսնակն ասել է. «Այո, իհարկե, այդ քննարկումները եղել են եւ կլինեն, դրանք անխուսափելի են»։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ «Իրանը, որպես Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ունեցող երկիր, ունի հստակ ակնկալիքներ եւ դիրքորոշում Մոսկվայի ակտիվ դերակատարման վերաբերյալ՝ թե՛ բազմակողմ մակարդակում, մասնավորապես՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում, թե՛ տարածաշրջանային մակարդակում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով