Արևմուտքը փորձում է հայ-ադրբեջանական նորմալացման գործընթացը դուրս բերել տարածաշրջանային համատեքստից և ենթարկել սեփական շահերին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ մինչ Հայաստանն ու Ադրբեջանը ձգտում են կառուցողական և փոխադարձաբար ընդունելի լուծումների՝ տարածաշրջանային գործընկերների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի աջակցությամբ, արևմտյան խաղացողները միջամտում են այս գործընթացին և անտեսում տարածաշրջանի երկրների շահերը։
«Բրյուսելի հերթական բարի նախաձեռնությունների քողի տակ զուտ քաղաքական շահեր են թաքնված։ Արևմուտքը նպատակ ունի Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը տեղափոխել իր կողմը՝ հերթական անգամ քաղաքական հաջողությունների մասին հայտարարելու համար։ Արևմուտքի գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանում անվտանգության անհավասարակշռության և տարածաշրջանային ինքնաբավության սկզբունքի խախտման», — հայտարարել է Զախարովան։
Մոսկվան, Զախարովայի խոսքերով, նաև արձանագրում է Վաշինգտոնի կողմից տարածաշրջանում տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցի քննարկմանը միջամտելու փորձերը։ Միացյալ Նահանգները ներկայացրել են լուծման իրենց «յուրահատուկ» տեսլականը, սակայն, ինչպես նշել է Զախարովան՝ Ռուսաստանում համոզված են, որ Վաշինգտոնը ի վիճակի չէ առաջարկներ անել, որոնք դուրս կգան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից. «Արևմտյան կողմի կործանարար ազդեցության պատճառով հայկական իշխանությունների դիրքորոշումներում խմբի աշխատանքը կանգ է առել»։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ տարածաշրջանում գործող տրանսպորտային ենթակառուցվածքը համապատասխանում է ԱՊՀ չափանիշներին, իսկ Հայաստանի համար լրացուցիչ ուղենիշ են հանդիսանում ԵԱՏՄ նորմերը և ընդհանուր մաքսային տարածքը։

