ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների անդամները մշտական կապի մեջ են, հաղորդում է РИА Новости-ն։
Կիրակի օրը՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Չինաստանում, Պուտինը հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Մեր գործընկերները մշտական կապի մեջ են։ Կառավարության անդամները ինձ զեկուցում են, նրանք հաճախ լինում են Հայաստանում։ Ձեր կառավարության անդամներն էլ այցելում են Ռուսաստան։ Հիմա ամեն ինչի մասին կխոսենք», – ասել է Պուտինը հանդիպման ժամանակ։
Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, հիմնադրված 2001 թվականին։ Դրա կազմում են՝ Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։ 2024 թվականի հուլիսի 4-ին՝ Աստանայում կայացած գագաթնաժողովի ընթացքում, կազմակերպությանը պաշտոնապես միացել է Բելառուսը։ Դիտորդ երկրներն են՝ Աֆղանստանը և Մոնղոլիան։ Երկխոսության գործընկեր երկրներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանմարը, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան Թուրքիան, Շրի Լանկան։

