ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է երկրում ամերիկյան ռազմական ներկայության պահպանումը, հայտնել է Լեհաստանի նախագահի մամուլի քարտուղար Ռաֆալ Լեսկևիչը։
«Նախագահ Կարոլ Նավրոցկին երեկ երեկոյան զրուցել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ և ամենակարևորը, լսել է ԱՄՆ-ի աջակցության հավաստիացումները ՆԱՏՕ-ի արևելյան թևում անվտանգության ամրապնդման և ապահովման գործում», — ասել է Լեսկևիչը, ինչպես մեջբերում են լեհական լրատվամիջոցները։
«Նա հաստատեց դաշնակցային աջակցությունը, հաստատեց Լեհաստանում ամերիկյան զորքերի և Լեհաստանում ամերիկյան կոնտինգենտի պահպանումը»,- հավելել է մամուլի քարտուղարը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է «լիակատար պատրաստության» մասին՝ լրացուցիչ ամերիկյան զինվորական կոնտինգենտ ընդունելու վերաբերյալ։ Ներկայումս Լեհաստանի տարածքում կա մոտ 10,000 ամերիկացի զինծառայող։

