Ես ակնկալում եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերները քարտեզի վրա ցույց կտան, թե ինչ հատված են նկատի ունենում՝ այն անվանելով «Զանգեզուրի միջանցք» և եթե դա որևէ կերպ վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածքին, ապա դա նշանակում է Հայաստանի ինքնիշխանության խախտում, ինչի մասին բարձրագույն մակարդակով հրապարակայնորեն պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում սեպտեմբերի 30-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր ելույթից հետո տրված հարցերին։
Նա խնդրել է բոլոր այն գործընկերներին, ովքեր հետաքրքրված են այս թեմայով կամ, առավել ևս, ովքեր պլանավորում են հրապարակավ խոսել այս թեմայով, կարդալ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը, որը մեկ էջ է և հավելյան ևս մի քանի էջ, ինչը բնավ դժվար չէ։
Փաշինյանը նշել է, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը բացակայում է այս փաստաթղթերից։ «Որտեղի՞ց եք վերցրել այս արտահայտությունը։ Որտեղի՞ց եք կարդացել այս արտահայտության մասին։ Նման արտահայտություն չկա, չի եղել և վստահ եղեք, չի լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված որևէ փաստաթղթում։ Վերջերս ես ստիպված էի բարձրացնել այս հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ամբիոնից։ Խաղաղությունը պահանջում է հոգատարություն։ Հոգատարության շատ կարևոր ատրիբուտ է օրինական, համաձայնեցված բառապաշարի օգտագործումը», — հավելել է նա։
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ իր ելույթում չկա ոչ մի բառ կամ արտահայտություն, որի ստուգաբանությունը ինքը չի կարող ցույց տալ Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերից։ «Ես նաև դիմել եմ իմ ադրբեջանցի գործընկերոջը, որպեսզի նա պարզաբանի, թե ինչ է ենթադրվում «Զանգեզուրի միջանցք» ասելով և որտեղ է գտնվում «Զանգեզուրի միջանցքը» քարտեզի վրա։ Եթե պարզվի, որ «Զանգեզուրի միջանցք» ասելով ենթադրվում է Հայաստանի որևէ տարածք, ապա ոչ ոք իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքն անվանել Հայաստանի կողմից չընդունված անվանումներով։ Դա ինքնիշխանության արդեն իսկ ձեռք բերված փոխադարձ ճանաաչման կոպիտ խախտում է։ Դուք օգտագործում եք մի տերմինաբանություն, որը չկա ոչ մի վաշինգտոնյան փաստաթղթում, երբեք չի եղել և ավելին, այն վնասում է խաղաղության գործընթացին, քանի որ ուղղակիորեն խախտում է պայմանավորվածությունները և դուրս է գալիս Վաշինգտոնում օգտագործվող լեգիտիմ տերմինաբանության շրջանակից։ Մենք պայմանավորվել ենք, որ տարածաշրջանում հաղորդակցությունները կբացվեն երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության հիման վրա և փոխադարձության սկզբունքով։ Ավելին, այդ հաղորդակցությունները պետք է բաց լինեն Հայաստանի և Ադրբեջանի համար, իսկ Հայաստանի համար՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային հաղորդակցությունների համար», — պարզաբանել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի տարածքում կգործի TRIPP ծրագիրը, այսինքն՝ «Թրամփի ուղին»։
Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այսուհետ կօգտագործվի միայն լեգիտիմ տերմինաբանություն։ Նա կրկնել է, որ կարող են օգտագործվել այնպիսի անվանումներ, որոնք ընդունվել են Հայաստանի Կառավարության, խորհրդարանի կամ համապատասխան մարմինների կողմից, կամ համաձայնեցված են Հայաստանի Կառավարության հետ։ «Ուստի թույլ տվեք ինձ վճռականորեն դատապարտել այս հեղինակավոր հաստատությունում անլեգիտիմ բառապաշարի օգտագործումը», — եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։