ՆԱՏՕ-ի երկրների կեսից ավելին հայտարարել է Ուկրաինայի համար առաջնահերթ պահանջների ցանկի (Prioritized Ukraine Requirements List, PURL) ծրագրին միանալու պատրաստակամության մասին, որը նախատեսում է Ուկրաինայի համար Միացյալ Նահանգներից զենքի գնում: Դրա մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պաշտպանության նախարարների մակարդակով Կիևին զենքի մատակարարման վերաբերյալ կոնտակտային խմբի նիստից հետո անցկացված մամուլի ասուլիսում:
«Կան զինատեսակներ, որոնք միայն Միացյալ Նահանգները կարող է տրամադրել, և այլընտրանք չկա: Դա այսպես կոչված PURL նախաձեռնությունն է: Երբ մենք սկսեցինք հանդիպումը, այդ նախաձեռնությանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի վեց երկրներ, սակայն հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի երկրների կեսից ավելին՝ 16-17 անդամներ, պատրաստ են միանալ դրան»,- հայտարարել է նա:
Ռյուտեն նշել է, որ ՆԱՏՕ-ի 19 երկրներ կոնտակտային խմբի նիստում հայտարարել են Ուկրաինային նոր զենք մատակարարելու մտադրության մասին՝ գնված Միացյալ Նահանգներից կամ երկկողմանիորեն, սակայն չի նշել, թե խոսքը որ զենքի մասին է: