Ռուսաստանի և Սիրիայի միջև հարաբերությունները միշտ բարեկամական են եղել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է TASS-ը։
«Մեր երկրների միջև տասնամյակների ընթացքում առանձնահատուկ հարաբերություններ են ձևավորվել։ Ավելի քան 80 տարի մենք պահպանում ենք դիվանագիտական կապերը, ընդ որում, դրանք հաստատվել են Ռուսաստանի և Խորհրդային Միության համար ամենադժվարին ժամանակներում՝ 1944 թվականին։ Այս ընթացքում Սիրիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները միշտ ունեցել են բացառապես բարեկամական բնույթ»,- ընդգծել է Պուտինը։
Մոսկվան Դամասկոսի հետ հարաբերություններում միշտ առաջնորդվել է սիրիացի ժողովրդի շահերով, ասել է Ռուսաստանի նախագահը։
«Մենք՝ Ռուսաստանում, Սիրիայի հետ երբեք չենք ունեցել որևէ հարաբերություններ, որոնք կապված լինեն մեր քաղաքական հանգամանքների կամ հատուկ շահերի հետ։ Այս տասնամյակների ընթացքում մենք միշտ առաջնորդվել ենք մեկ բանով՝ սիրիացի ժողովրդի շահերով», — ասել է Պուտինը։