Ռուսաստանը և Ուկրաինան պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները ներկայիս առաջնագծի երկայնքով և ավելի ուշ համաձայնության գան «ինչ-որ բանի» շուրջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա ասել է, որ ներկայումս «շատ դժվար է» տարածքային փոխանակման շուրջ բանակցել, բայց ապագայում գործարքի հնարավորություն կա։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հերքել է այն տեղեկությունը, թե ինքը պահանջել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց ողջ Դոնբասը զիջել Մոսկվային։ «Թող այն բաժանված մնա այնպես, ինչպես կա։ Կարծում եմ, որ հողի 78%-ն արդեն գրավված է Ռուսաստանի կողմից», — ասել է Թրամփը։
Reuters-ի իրազեկ աղբյուրների համաձայն՝ Թրամփը հոկտեմբերի 17-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Զելենսկուց պահանջել է «գործարք կնքել այնտեղ, որտեղ գտնվում ենք»։ Ավելին, ԱՄՆ նախագահը հրաժարվել է Կիևին հանձնել «Տոմահավկ» հրթիռները և հայտարարել է ոչ միայն Կիևին, այլև Մոսկվային անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին։ Թրամփի նման հայտարարությունները շփոթեցրել են ուկրաինական պատվիրակությանը, նշել են Reuters-ի զրուցակիցները։ «Դա բավականին վատ էր», — ասել է աղբյուրներից մեկը՝ պարզաբանելով, որ Սպիտակ տան ղեկավարի ուղերձը հանգում էր նրան, որ «ձեր երկիրը կսառչի, և ձեր երկիրը կոչնչացվի», եթե Կիևը համաձայնագիր չկնքի Ռուսաստանի հետ։ Մեկ այլ աղբյուր հերքել է «ոչնչացվի» բառի օգտագործումը, սակայն նշել է, որ Թրամփը մի քանի անգամ օգտագործել է ոչ նորմատիվ բառապաշար։
Թրամփի դիրքորոշման վրա կարող էր մեծապես ազդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա վերջին հեռախոսազրույցը, ենթադրել են Reuters-ի զրուցակիցները։ Ըստ Financial Times-ի տվյալների՝ բանակցությունների ընթացքում Պուտինն առաջարկել է տարածքային փոխանակում. Ուկրաինան հրաժարվում է Դոնեցկի և Լուգանսկի մարզերից՝ Զապորոժիեի և Խերսոնի մարզերի փոքր հատվածների դիմաց։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Reuters-ի աղբյուրներից մեկը, Դոնբասից հրաժարվելը Ուկրաինային ավելի խոցելի կդարձնի ռուսական հետագա հարձակումների նկատմամբ և հավասարազոր կլինի «ինքնասպանության»։
Թրամփի հետ բանակցություններից հետո Զելենսկին մերժել է չօկուպացված տարածքները Ռուսաստանին հանձնելու հնարավորությունը։ «Ես համաձայն եմ, որ եթե մենք ուզում ենք դադարեցնել այս պատերազմը և շտապ անցնել դիվանագիտական խաղաղ բանակցությունների, մենք պետք է մնանք այնտեղ, որտեղ գտնվում ենք և Պուտինին ոչինչ չտանք, որովհետև նա ուզում է։ Որովհետև նա ահաբեկիչ է», — ասել է Ուկրաինայի նախագահը։

