Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շուտով պետք է հեռախոսազրույց ունենան՝ անձնական հանդիպման նախապատրաստական աշխատանքները քննարկելու համար։
Ռուբիոյի և Լավրովի բանակցությունները պետք է կայանան նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ գագաթնաժողովից առաջ, որը կարող է տեղի ունենալ Բուդապեշտում։ Պուտինն ու Թրամփն այդ մասին պայմանավորվել էին անցյալ շաբաթ՝ հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի էր ունեցել Վլադիմիր Զելենսկու՝ Վաշինգտոն կատարած այցի նախօրեին։
«[Հեռախոսազանգը] մոտենում է։ Այս հարցը, ի տարբերություն անձնական շփման, գտնվում է համաձայնեցման ավելի առաջադեմ փուլում», — ասել է Ռյաբկովը պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Միևնույն ժամանակ, Ռյաբկովը հայտնել է, որ ինքը «բացարձակապես պատկերացում չունի», թե որտեղ կարող է կայանալ Ռուբիոյի և Լավրովի անձնական հանդիպումը։ «Այդ ամենը գտնվում է քննարկման գործընթացում», — ասել է փոխնախարարը։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն հայտնում, թե երբ կարող է կայանալ Պուտինի և Թրամփի հանդիպումը։

