Մեր տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար. Փաշինյան

Խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է, դա իրականություն է և մենք տեսնում և զգում ենք տեղում։ Այս մասին նախօրեին Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում է «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն հաստատվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքում, որը տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և մասնակցությամբ։ Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ մեր երախտագիտությունը հայտնել նախագահ Թրամփին, քանի որ, իհարկե, մենք աշխատում էինք խաղաղության օրակարգի վրա, բայց առանց նրա անձնական մասնակցության ես չեմ կարծում որ մենք կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք հիմա։

Գիտեք որ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մենք Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք խաղաղության հռչակագիրը, և նախագահ Թրամփը այն ստորագրեց որպես վկա։ Մեր ԱԳ նախարարները նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ԱՄՆ-ի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ ներկայությամբ, և դա իրոք պատմական փոփոխություն է, ոչ միայն մեր երկկողմ հարաբերություններում Ադրբեջանի հետ, այլ նաև մեր տարածաշրջանում, ընդհանրապես, քանի որ առաջին անգամն է, որ մենք իրական հնարավորություն ունենք Հարավային Կովկասում մուտք գործելու տնտեսական համագործակցության փուլ ոչ միայն խաղաղ, այլ նաև բարեկեցիկ տարածաշրջան ունենալ, հատկապես հաշվի առնելով, որ Վաշինգտոնում ընդունված խաղաղության հռչակագրում կա դրույթ, որը վերաբերում է տարածաշրջանային կապակցվածությունը բացելուն՝ հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա»,–ասաց նա։

Փաշինյանը նկատեց, որ բացի այդ, Հայաստանը և ԱՄՆ–ն երկկողմ կարգով կիրագործեն «Թրամփի ուղի» ծրագիրը, որը ի կատար կածվի Հայաստանի Հանրապետության տարածքում. «Դա երկկողմ ծրագիր է, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, սակայն կապը Ադրբեջանի հետ դրա համար կարևորագույն նշանակություն ունի, քանի որ մեզ անհրաժեշտ է արևելքից արևմուտք հասանելիություն ունենալ։ Եվ Հայաստանին, և Ադրբեջանին է դա անհրաժեշտ, քանի որ այդ պարագայում մենք իրար պետք ենք, որպեսզի ունենանք հասանելիություն հաղորդակցության ուղիների միջոցով։

Մենք ակտիվորեն աշխատում ենք ԱՄՆ-ի հետ ու շատ կարևոր նրբություն կա, տարածաշրջանային փոխկապակցվածությունը մեր պատկերացմամբ նշանակում է, որ  և Հայաստանը, և Ադրբեջանը հնարավորություն կունենան միմյանց տարածքը օգտագործել ներքին երկկողմ և միջազգային կապակցվածության համար։ Դա նշանակում է, որ մեր տարածքով նոր ուղի կբացվի միջազգային տարանցման համար, և հաշվի առնելով, որ հիմա աշխարհում մատակարարման շղթաների ճգնաժամ կա, դա միջազգային առևտրի տեսանկյունից կարող է իրավիճակ փոխել, նաև իրավիճակ փոխել մեր տարածաշրջանում»,– հայտարարեց Փաշինյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով