Մադուրոն ռազմական օգնություն է խնդրել Ռուսաստանից, Իրանից եւ Չինաստանից. WP

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաեւ Իրանին եւ Չինաստանին՝ Կարիբյան ավազանում ԱՄՆ ռազմական ներկայության աճի համատեքստում ռազմական օգնության խնդրանքով, հաղորդել է The Washington Post պարբերականը՝ հղում կատարելով ԱՄՆ կառավարության ներքին փաստաթղթերին, որոնք ստացել է։

Հաղորդագրության համաձայն՝ Մադուրոն խնդրել է օգնություն Վենեսուելայի ՀՕՊ համակարգերի ամրապնդման, այդ թվում՝ 14 հրթիռային կայանքների մատակարարման եւ Կարակասի կողմից նախկինում ձեռք բերված ռուսական արտադրության մի քանի Су-30MK2 կործանիչների վերանորոգման հարցում։ Նա նաեւ խնդրել է ութ շարժիչների եւ հինգ ռադարների վերանորոգում, ինչպես նաեւ չճշտված «լոգիստիկ աջակցություն»։

Մադուրոյի գրավոր խնդրանքը Պուտինին փոխանցել է Վենեսուելայի տրանսպորտի նախարար Ռամոն Սելեստինո Վելասկեսը հոկտեմբերի կեսին Մոսկվա կատարած այցի ժամանակ, որի ընթացքում նա հանդիպել է իր ռուս գործընկերոջ հետ, նշվել է փաստաթղթերում։ Նամակում, ըստ տեղեկությունների, Су-30 կործանիչները նկարագրվել են որպես «Վենեսուելայի ազգային կառավարության ամենակարեւոր զսպող միջոցը պատերազմի սպառնալիքի առջեւ»։ Վենեսուելայի առաջնորդը նաեւ խնդրել է «միջնաժամկետ, եռամյա ֆինանսավորման ծրագիր»՝ ռուսական պետական ​​պաշտպանական «Ростех» կոնգլոմերատի միջոցով, չնայած գումարը չի նշվել։ Հայտնի չէ՝ արդյոք Ռուսաստանը արձագանքել է խնդրանքին, նշել է The Washington Post-ը։

Բայց ինչպես նշել պարբերականը՝ հղում կատարելով դիտորդներին, Մոսկվան, որը խրված է Ուկրաինայի պատերազմի մեջ եւ ձգտում է ամրապնդել կապերը այլ տարածաշրջանային գործընկերների հետ, սահմանափակ կարողություններ կամ հետաքրքրություն կունենա Կարակասին օգնելու հարցում, եթե ԱՄՆ-ը լայնածավալ գործողություն սկսի երկրի ներսում, գրել է The Moscow Times-ը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով