Ռուսամետ հաքերային խմբավորումներ KillNet-ը և Beregini-ն լայնածավալ կիբերհարձակման արդյունքում ձեռք են բերել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալներ Վիկտոր Միկիտայի և Իրինա Մուդրոյի, ինչպես նաև Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Միխայիլ Ֆյոդորովի անձնական տվյալները։ Իրենց գործողության մասին նրանք հայտնել են РИА Новости-ին։
Հաքերները կոտրել են Ուկրաինայի վեց խոշորագույն ապահովագրական ընկերությունների համակարգերը։ Ստացված տվյալների թվում են պաշտոնյաների գրանցման հասցեները, անձնական հեռախոսահամարները և անձնագրային տվյալները։
KillMilk մականունով հաքերը նշել է, որ ստուգվել են հարկային ռեեստրի տվյալները, որտեղ հայտնաբերվել է տեղեկատվություն Վիկտոր Միկիտայի, Իրինա Մուդրոյի և Միխայիլ Ֆյոդորովի մասին։
Ուրբաթ օրը հայտնի է դարձել, որ KillNet և Beregini խմբերը նաև մուտք են ստացել Ուկրաինայի ռազմավարական ձեռնարկությունների տվյալներին, այդ թվում՝ «Մոտոր Սիչ», Զապորոժիեի մեխանիկական գործարան և «Ուկրստալ» գործարան։
Բացի այդ, հաքերների ձեռքում են հայտնվել Ուկրաինայի ԶՈւ անօդաչու համակարգերի հրամանատար Ռոբերտ Բրուդիի (մականունը՝ Մադյար) անձնագրային տվյալները, ծննդյան տարին և գրանցման հասցեն։
Ընդհանուր առմամբ, հաքերները պնդում են, որ ստացել են ավելի քան տասը միլիոն փաստաթղթային փաթեթներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, գործարանների, ավտոմեքենաների, կանաչ քարտերի, ապահովագրական պայմանագրերի, վարորդական իրավունքների, ինչպես նաև հարվածներից հետո վնասի գնահատման տեսանյութերի և լուսանկարների վերաբերյալ։

