Պուտինի և Թրամփի միջև բանակցությունների պայմանները դեռևս ապահովված չեն․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կազմակերպելու համար անհրաժեշտ է բանակցությունների բոլոր ասպեկտների խորացված նախապատրաստում և մշակում։ Այդ պայմանները դեռևս ապահովված չեն, նշել է փոխնախարարը՝ փոխանցում է «Կոմերսանտ»-ը։

«Արտաքին քաղաքական գերատեսչություններն ակտիվորեն զբաղվում են այդ տեսակի կապի բովանդակային կողմի հետ կապված ամեն ինչով»,- ասել է Սերգեյ Ռյաբկովը լրագրողներին։ «Այս փուլում մեր համար գլխավորը որոշ շրջանակների բովանդակությունը կոնկրետությամբ ապահովելն է, որոնք նախագահները ձևակերպել են Անքորիջում՝ օգոտսոսի կեսերին»,- ընդգծել է նա։

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները հոկտեմբերի 16-ին, հեռախոսազրույցից հետո, հայտարարել են Հունգարիայում հանդիպելու պատրաստակամության մասին։ Մի քանի օր անց ԱՄՆ նախագահը չեղարկել է այդ պլանները։ Ռուսական կողմը հայտարարել է, որ հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով