Ցարական Ռուսաստանի Քարտեզներում Ադրբեջան ընդհանրապես չկա․ Փաշինյանը վերջապես հստակ պատասխանել է տվել Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին ելույթում չի ասել, թե Սևան չկա, այլ կա Գյոյչա, նա հայտարարել է, որ ցարական Ռուսաստանի քարտեզներով Սևան չկա, այլ կա Գյոյչա։ Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն քարտեզի վրա, որին հղում է արվում, Հայաստանի տեղում գրված է «Հայաստան», իսկ Ադրբեջանն ընդհանրապես չկա։ Եվ ո՞նց դա մեկնաբանել»,- նշել է նա։

Փաշինյանը հավելել է, որ հայ լրագրողներից ոչ ոք չի փորձել պարզել՝ այդ քարտեզը կա՞, թե՞ ոչ։ Նրա գնահատմամբ, այդ քարտեզը հրապարակելու դեպքում, եթե այն անբարենպաստ լինի Հայաստանի համար, ապա կարող է կրկնակի անբարենպաստ լինել Ադրբեջանի համար։

Փաշինյանը դա անօգուտ զբաղմունք է անվանել, քանի որ, ավելի վաղ դարաշրջանների քարտեզներով առաջնորդվելով, կարող է պարզվել, որ չկա ո՛չ Հայաստանի Հանրապետություն, ո՛չ Ադրբեջանի Հանրապետություն։

Հայաստանի վարչապետը դա կրկին անգամ անվանել է անիմաստ թեմա, հատկապես 2025 թվականի օգոստոսի 8-ի պայմանավորվածություններից հետո։ «Եվ ո՞վ է ասել, որ դրանք ադրբեջանական անվանումներ են։ Դրանք թուրքական, արաբական, պարսկական, մոնղոլական, ռուսական են։ Բայց ի՞նչ է դա փոխում։ Ոչինչ»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով