Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել Վրաստանին, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի իր գործընկերներին Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքի համար։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներիս՝ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւին եւ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեղ աշխատանքի, ինչպես նաեւ Վրաստանին՝ այդ երթուղով փոխադրումների կազմակերպմանն ունեցած կառուցողական մասնակցության համար»,- հայտնել է Օվերչուկը լրագրողներին։
Նոյեմբերի 6-ի գիշերը առաջին անգամ Ռուսաստանից Հայաստանի տարածք է մտել գնացք ցորենով (ապրանքը բեռնվել է Ուլյանովսկի մարզից), այն անցել է Ադրբեջանով եւ Վրաստանով։ Փոխադրումներն այս ուղղությամբ չեն իրականացվել ավելի քան 30 տարի։

