Մեր մոտ Ռուսաստանի դեմ գրեթե ոչ մի հնարավոր պատժամիջոցներ չեն մնացել․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, G7-ի արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովի ժամանակ Կանադայում լրագրողների հետ զրույցում, պատասխանել է Ուկրաինայի պատերազմի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ մի քանի հարցերի։

«Դե, մեր կողմից այնքան էլ շատ պատժամիջոցներ չեն մնացել։ Մենք հարվածեցինք նրանց խոշորագույն նավթային ընկերություններին և հենց դրա մասին էին բոլորը մեզ խնդրում։ Ակնհայտ է, որ դրանք պետք է կիրառվեն և միայն որոշ ժամանակ անց կերևա դրանց ազդեցությունը։ Ես չգիտեմ, թե էլ ինչ կարող ենք անել։ Մեր մոտ սպառվում են պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունները», — ասել է Ռուբիոն՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք նա գործընկերների հետ քննարկել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» նկատմամբ այս տարվա հոկտեմբերի երկրորդ կեսին։

Երբ հարցրին ստվերային նավատորմի մասին, Ռուբիոն պատասխանել է, որ եվրոպացիները կարող են շատ բան անել ստվերային նավատորմի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, քանի որ «դա տեղի է ունենում մեր տանը շատ ավելի մոտ»։

Ռուբիոն նաև ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե այն կոնկրետ արդյունքներ տալու ներուժ ունենա։

«Մենք շատ կցանկանայինք, որ պատերազմն ավարտվեր, բայց չենք կարող շարունակել հանդիպել հանուն հանդիպումների», — նշել է նա։ Ռուբիոյի կարծիքով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համաձայն է դրա հետ։

Երբ հարցրին պետքարտուղարի և իր ռուս գործընկերոջ ներկայիս հարաբերությունների մասին, Ռուբիոն պատասխանել է՝ «Ես նրա հետ մոտ մեկ ամիս չեմ խոսել, բայց դա նորմալ է»։

Ռուբիոն նաև դատապարտել է ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրների օդային տարածք ներխուժումները։ «Մենք կարծում ենք, որ դրանք Ռուսաստանի կողմից սադրանքներ են», — ասել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով