ԵՄ երկրները ռուսական ակտիվների հարցի շուրջ երկու ճամբարի են բաժանվել․ Politico

ԵՄ երկրները դեռևս միասնական որոշման չեն եկել Ուկրաինայի ֆինանսավորման հարցում՝ դեկտեմբերի 18-19-ին կայանալիք գագաթնաժողովից առաջ։ Երկրների մի մասը կոչ է անում օգտագործել Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվները, մյուս մասը կողմ է ԵՄ երկրների համատեղ փոխառություններին, հայտնում է Politico-ն։

Երկրների մի խումբ՝ Գերմանիայի գլխավորությամբ և Հյուսիսային ու Արևելյան Եվրոպայի աջակցությամբ, պնդում է Ուկրաինային հատկացնել ռեպարացիոն վարկ, որն ապահովված կլինի սառեցված ակտիվներով։ Նրանք կարծում են, որ այս մեխանիզմին այլընտրանք չկա։

Նրանց ընդդիմանում են Բելգիան, Իտալիան, Բուլղարիան, Մալթան, Հունգարիան և Սլովակիան։ Նրանք կողմ են այլընտրանքային տարբերակին՝ ԵՄ ընդհանուր պարտքի թողարկմանը, որը երաշխավորված կլինի ընդհանուր բյուջեով։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ երկրները պետք է ընտրություն կատարեն երկու ուղիների միջև՝ ակտիվների օգտագործում կամ համատեղ փոխառություններ։

Որպես հնարավոր փոխզիջում դիտարկվում է մի սխեմա, ըստ որի ֆինանսավորմանը կմասնակցեն ԵՄ 27 երկրներից միայն 25-ը՝ բացառությամբ Հունգարիայի և Սլովակիայի, որոնք դեմ են Ուկրաինային օգնություն տրամադրելուն։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ավելի վաղ հայտարարել է, թե ակտիվների հարցը գագաթնաժողովում չի քննարկվելու, իսկ բանակցություններն անցել են համատեղ վարկերի թեմային։ Սակայն ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան Politico-ի հետ զրույցում հերքել է դա՝ հաստատելով, որ ռուսական ռեզերվների տարբերակը մնում է օրակարգում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով