Հունգարիան եւ Սլովակիան չեն ստորագրել Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ գագաթաժողովի եզրակացությունները

Հունգարիան եւ Սլովակիան չեն ստորագրել դեկտեմբերի 19-ի գիշերը հաստատված Եվրոպական խորհրդի դեկտեմբերյան նիստի եզրակացությունները, որոնք ներառում են Ուկրաինային 2026-2027թթ. ԵՄ անդամ պետությունների համատեղ վարկավորման հիման վրա 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու որոշումը: Այս մասին «Европейская правда»-ի թղթակցին հայտնել են ԵՄ մի քանի դիվանագետներ։

«Երկու երկիր՝ Հունգարիան եւ Սլովակիան, չեն ստորագրել Եվրոպական խորհրդի եզրակացություններն Ուկրաինայի վերաբերյալ»,- ասել է աղբյուրներից մեկը։

Հարկ է նշել, որ Հունգարիայի եւ Սլովակիայի նման, Չեխիան նույնպես ազատվել է 2026-2027թթ. Ուկրաինային աջակցելու ֆինանսական պարտավորություններից, որը կազմում է 90 միլիարդ եվրո: Սակայն, ի տարբերություն Հունգարիայի եւ Սլովակիայի, այն 25 երկրների հետ ստորագրել է որոշման այն մասը, որը վերաբերում է վարկի մանրամասներին։

Հիշեցնենք, որ Հունգարիան չի ստորագրել 2025թ․ Ուկրաինայի վերաբերյալ Եվրոպական խորհրդի որեւէ եզրակացություն՝ բողոքելով ԵՄ «պատերազմին աջակցող» քաղաքականության դեմ։

Սլովակիան առաջին անգամ անհամաձայնություն է հայտնել ԵՄ առաջնորդների գագաթաժողովի եզրակացությունների ուկրաինական մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով