Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային պատասխանել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններին՝ ուղղված Իրանի տարածաշրջանային քաղաքականության դեմ, գրել է Mehr-ը։
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային հաստատել է Իրանի հավատարմությունն իր «սկզբունքային դիրքորոշումներին»՝ ընդգծելով, որ երկիրը չի փոխում իր քաղաքականությունն ամենօրյա ռեժիմով։
«Մենք անդրդվելի ենք մեր սկզբունքային դիրքերում եւ ամեն օր մի քաղաքականությունից մյուսը չենք անցնում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ աջակցել է դիմադրությանը՝ ազնվորեն դիմակայելով անօրինական վարքագծին եւ ահաբեկչությանը»,- գրել է Բաղային Х սոցցանցում:
Նա նաեւ ընդգծել է Իրանի առաջատար դերն ահաբեկչության դեմ պայքարում։ «Մենք առաջին երկիրն էինք, որ բարձրացրինք «ԻՊ»-ի եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարի դրոշը մեր ազգային հերոս, նահատակ [հակաահաբեկչական հրամանատար գեներալ Ղասեմ] Սուլեյմանիի ձեռքով, եւ մենք հաղթեցինք նրանց տարածաշրջանում»:
Բաղային նաեւ ընդգծել է ծայրահեղականության դեմ Իրանի երկարամյա դիմակայությունը եւ հարեւան երկրների կայունացմանն ուղղված նրա ջանքերը, հաղորդել է PressTV-ն:
Նա մատնանշել է, որ Թեհրանն ավելի վաղ դեմ էր թուրքական կառավարության դեմ հեղաշրջման փորձին եւ հայտնել է. «Մենք առաջին երկիրն էինք, որ ընդդիմացանք եւ դեմ եղանք թուրքական կառավարության դեմ հեղաշրջմանը: Մենք առաջիններից մեկն էինք, որ ողջունեցինք Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինաթափումը եւ սա համարեցինք կարեւոր քայլ՝ ուղղված մեր հարեւան Թուրքիայում անվտանգության ամրապնդմանը»։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Al Jazeera-ի հարցազրույցում ավելի վաղ ասել էր, որ Իրանը «մեծ ռեսուրսներ է զոհաբերել տարածաշրջանում իր նվաճումների համար»։
Խոսելով Իրանի հետսիրիական քաղաքականության մասին՝ Ֆիդանն ասել է. «Տարածաշրջանի երկրներում աշխարհազորայինների միջոցով Իրանի արտաքին քաղաքականության հարցը քաղաքականություն է, որն Իրանը երկար ժամանակ մեծ ռիսկով է վարում։ Նա որոշակի առաջընթաց է գրանցել, սակայն այդ հաջողությունները պահպանելու համար վճարած ծախսերը շատ ավելի մեծ են։ Իրաքում եւ Սիրիայում իր նվաճումները պահպանելու համար Իրանը ստիպված էր զոհաբերել շատ ավելին, քան այդ ձեռքբերումները»:
Ֆիդանն ասել է, որ բանակցությունների ժամանակ իրանցի պաշտոնյաներին ասել է, որ արտաքին քաղաքականության այս մոտեցումը պետք է փոխվի:
Նրա խոսքով, «թեեւ նման քաղաքականությունը որոշակի արդյունքներ է բերում, սակայն երկարաժամկետ եւ կառուցվածքային առումով այն մեծ բեռ է ստեղծում ինչպես իրանական համակարգի, այնպես էլ տարածաշրջանի համար»։
«Իրանը մեծ դասեր է քաղել նոր ժամանակաշրջանի իրադարձություններից, տարածաշրջանային համերաշխությունը պետք է ամրապնդվի։ Հիմա հին սխալները շարունակելու ժամանակը չէ»,- ավելացրել է նա:

