ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Իրանի հետ միջուկային համաձայնության հասնել, սակայն բանակցություններին հատկացված ժամանակը շուտով կարող է սպառվել:
«Իրանի նկատմամբ երկու մոտեցում կա՝ ռազմական և գործարքի կնքում։ Ես կնախընտրեի գործարքը։ Մենք կարող ենք այնպիսի գործարք կնքել, որը նույնքան լավ կլինի, որքան ռազմական հաղթանակը։ Բայց դրա համար ժամանակը սպառվում է: Այսպես թե այնպես, ինչ-որ բան պետք է տեղի ունենա»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված նամակում հույս է հայտնել, որ վերջինս կցանկանա բանակցել։
Նա նաև հայտարարել է, որ գործարքը շահավետ կլինի ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Թեհրանի համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ և հինգշաբթի օրը նամակ է ուղարկել Իրանի ղեկավարներին՝ հույս հայտնելով, որ նրանք կհամաձայնեն բանակցությունների:
«Ես ասացի, որ հուսով եմ, որ դուք կբանակցեք, քանի որ դա շատ ավելի լավ կլինի Իրանի համար»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ նրանք ցանկանում են ստանալ այդ նամակը։ Մյուս այլընտրանքն այն է, որ մենք պետք է ինչ-որ բան անենք, քանի որ չենք կարող թույլ տալ, որ ևս մեկ միջուկային զենք հայտնվի»,- ասել է նա։
Հաղորդվում է, որ նամակն ուղղված է եղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որում Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է բանակցել:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ավելի ուշ պատասխանել է Թրամփին՝ ասելով, որ «որոշ բռնակալ պետությունների՝ բանակցությունների հարցում համառությունը չի լուծի խնդիրը, այլ կհանգեցնի նրանց կամքի պարտադրմանը»։
Դրանից հետո Թեհրանը հայտարարել է, որ իրենք ոչ մի նամակ չեն ստացել ԱՄՆ նախագահից, իսկ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ երկիրն ի վիճակի է չեզոքացնել պատժամիջոցները, ուստի չի սպասի ԱՄՆ-ից որևէ նամակի։
ՄԱԿ-ում Իրանի առաքելությունն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների պայմանը։
«Եթե բանակցությունների նպատակը Իրանի միջուկային ծրագրի ցանկացած հնարավոր ռազմականացման վերաբերյալ մտահոգությունների լուծումն է, ապա նման քննարկումները կարող են դիտարկման առարկա լինել: Սակայն եթե նպատակը Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը ձախողելն է, որպեսզի հայտարարվի, որ այն, ինչին Օբաման չկարողացավ հասնել, այժմ ձեռք է բերվել, նման բանակցություններ երբեք տեղի չեն ունենա»,- ասվում է ՄԱԿ-ում Իրանի առաքելության հայտարարության մեջ։

