Կուրսկի մարզում ուկրաինական բանակի համար «կրիտիկական իրավիճակ» է ստեղծվել. Bild

Կուրսկի մարզում ուկրաինա-ռուսական սահմանին իրավիճակը կտրուկ սրվել է: Ռուսական զորքերն օգտվելով ԱՄՆ-ից հետախուզական տեղեկությունների փոխանցման ընդհատումից, խոշոր հարձակում են ձեռնարկել։

Ըստ գերմանական Bild պարբերականի՝ ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներն արդեն գրավել են Լեբեդևկա ավանն ու Պորեչնոյե գյուղը։ Տեղեկություններ կան նաև Մալայա Լոկնյա քաղաքի ուղղությամբ առաջխաղացման մասին: Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ռուսական զորքերը ծածանում դրոշները, իսկ ուկրաինացի մարտիկները ստիպված են նահանջել իրենց դիրքերից։

Կիևում Bild-ի աղբյուրները նշում են, որ Ուկրաինայի զինված ուժերի համար Կուրսկի մարզում «կրիտիկական իրավիճակ» է ստեղծվել։ Ուկրաինական բանակը փորձում է խուսափել շրջապատումից՝ նահանջելով դեպի վերջին վերահսկվող քաղաք՝ Սուջա։ Միաժամանակ, ըստ ուկրաինացի զինվորականների, Սուջան այժմ գրեթե ամբողջությամբ ոչնչացված է ռուսական ավիացիայի կողմից։

Իրավիճակն ուկրաինական բանակի համար էլ ավելի բարդացավ, երբ ռուսական զորքերը հարձակման համար օգտագործեցին լքված գազատարը։ Ենթադրվում է, որ մոտ 100 ռուս զինվորներ ընդհատակում ներթափանցել են Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք և հարձակվել թիկունքից։ Կիևը պնդում է, որ խումբը ոչնչացվել է, սակայն դեռևս ապացույցներ չկան, որ գործողությանը մասնակցած բոլոր ռուս զինվորները սպանվել են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով