Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը մոտ օրերս կհանձնի Իսլամական Հանրապետությունում արաբական պետության ներկայացուցիչը, գրում է Mehr-ը։
Չորեքշաբթի առավոտյան կառավարության նիստի շրջանակում ելույթ ունենալով՝ իրանցի բարձրաստիճան դիվանագետն ասաց, որ թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է նամակը, Իրանի պաշտոնյաները դեռ չեն ստացել այն։
«Նամակը գրված է, բայց մեզ դեռ չի հասել»,- հաստատել է Իրանի արտգործնախարարը։
Նա նաև նշել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որպեսզի արաբական երկրի հատուկ բանագնացը նամակը հասցնի Թեհրանին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 7-ին հայտարարել է, որ ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ և հինգշաբթի նամակ է հղել նրա ղեկավարությանը, որում հույս է հայտնել, որ նրանք կհամաձայնեն բանակցություններին։
«Ես ասացի, որ հուսով եմ, որ դուք կբանակցեք, քանի որ դա շատ ավելի լավ կլինի Իրանի համար»,- ասել է Թրամփը Fox Business Network-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ նրանք ցանկանում են ստանալ այս նամակը։ Մյուս այլընտրանքն այն է, որ մենք պետք է ինչ-որ բան անենք, քանի որ չենք կարող թույլ տալ, որ այլ միջուկային զենք հայտնվի»,- ասաց նա։
Հայտնի է, որ նամակն ուղղված է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, որում Թրամփը հայտարարել է բանակցելու ցանկության մասին։

