«Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի։ Թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու միջոցով հասարակական կարծիքը շահարկելու փորձերը դատապարտված են ձախողման»,- հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը Azertac-ին տված հարցազրույցում։
Ըստ Քըլըչի, թուրք-հայկական սահմանի անցակետի բացման մասին «կեղծ տեղեկությունների հետևում կանգնած են Թուրքիայի և Ադրբեջանի միասնությամբ և սերտ համագործակցությամբ մտահոգված շրջանակները»:
«Որոշ լրատվամիջոցների պնդումները, թե իբր Անկարան բացել է Հայաստանի հետ սահմանը՝ առանց այդ մասին Բաքվին տեղեկացնելու, նպատակ ունի վնասել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությանը», — ասել է նա՝ վստահեցնելով, որ թուրքական իշխանություններն ադրբեջանական կողմի հետ սերտորեն համակարգում և քննարկում են Երևանի հետ կապված ցանկացած քայլ։
Թուրքիայի նախկին դեսպանը հիշեցրել է թուրքական իշխանությունների բազմիցս արված հայտարարությունները Հայաստանի նկատմամբ իրենց դիրքորոշման վերաբերյալ։ «Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է արդյունքի հասնել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումից հետո։ Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են այդ մասին»,- ասել է Քըլըչը:
Նա նաև մեջբերել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների հարցերով վարչությանն առընթեր Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի (DMM) հայտարարության տեքստը Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու համար «Մարգարա» անցակետի ժամանակավոր բացման մասին։
«DMM»-ը հայտնել է, որ 2025 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը տեղեկացրել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովին Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու Հայաստանի իշխանությունների ցանկության մասին, իսկ 2025 թ․ փետրվարի 26-ին Երևանի այդ նախաձեռնության մասին տեղեկացվել է Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահի օգնականը՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը»։
«Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է Անկարայի և Բաքվի միջև գործողությունների համակարգումը»,- ասել է Քըլըչը՝ հավելելով, որ «ոչ ոք ի վիճակի չէ սեպ խրել երկու եղբայրական երկրների հարաբերություններում»։

