ՌԴ ԱԳ նախարարը պատմել է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ բանտարկյալների փոխանակման մանրամասների մասին

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանտարկյալների փոխանակման մանրամասները համաձայնեցվում են իրավասու մարմինների միջոցով, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեր նախագահները հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են պատրաստել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ բանտարկյալների փոխանակում, մանրամասները, հասկանալի պատճառներով, համաձայնեցվում են համապատասխան իրավասու մարմինների միջոցով»,- ասել է նա Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո։

Մայիսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հրապարակել է ռուս, ամերիկաբնակ, բալետի նախկին պարուհի Քսենյա Կարելինայի նամակը, որում նա շնորհակալություն էր հայտնում իրեն Ռուսաստանում բանտից ազատելու համար եւ պատմում է ամերիկահայ Անդրե Խաչատուրյանի բանտարկության տխուր պատմությունը։

Կարելինան պատմել է, որ Խաչատուրյանը մեկնում էր Հայաստան՝ տեսնելու իր հարսնացուին եւ արդեն ստուգված ուղեբեռում ատրճանակ էր կրում։

Մոսկվայի օդանավակայանում վայրէջք կատարելիս Խաչատուրյանը բացել է իր ուղեբեռը՝ դեղորայքը հանելու համար։

Այնտեղ նրա պայուսակի մեջ ատրճանակ են նկատել, ստիպել են բացել ստուգված ուղեբեռը եւ ի վերջո բերման են ենթարկել։

Այժմ Խաչատուրյանը 8 տարվա ազատազրկում է կրում Ռուսաստանի Դաշնությունում։

Խաչատուրյանից բացի Կարելինան խոսել է Ռուսաստանում բանտարկված եւս երկու ամերիկացիների՝ Ռոբերտ Գիլմանի եւ Դեւիդ Բարնեսի մասին։

Գիլմանը Ռուսաստանում ձերբակալված երրորդ ծովային հետեւակայինն է, որը դատապարտվել է 8 տարի 1 ամիս ազատազրկման, իսկ Բարնեսը՝ 21 տարի 6 ամսվա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով