Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը կարող է դառնալ Թուրքիայում Ռուսաստանի նոր դեսպանը՝ փոխարինելով Ալեքսեյ Երխովին, որն այս պաշտոնը զբաղեցնում է 2017-ից։ Այս մասին հունիսի 2-ին հայտնել է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով երեք անանուն աղբյուրների։
«Կոմերսանտի» աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիայում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության նոր ղեկավար կարող է նշանակվել Սերգեյ Վերշինինը, որը 2018թ. մարտից զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարի պաշտոնը։
Սերգեյ Վերշինինը ծնվել է 1954թ. հուլիսի 24-ին։ 1976թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, իսկ 1991թ.՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիան։ Նա իր մասնագիտական կարիերան սկսել է արտաքին գործերի նախարարությունում 1976թ.՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ Մարոկկոյի եւ Ալժիրի դեսպանատներում։
1993-1997թթ. Վերշինինը Թունիսում Ռուսաստանի դեսպանատան բանագնաց-խորհրդականն էր։ Այնուհետեւ, 1999-2003թթ., նա եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանն Ալժիրում։
2004-ից սկսած՝ նա զբաղեցրել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը, իսկ ավելի ուշ ղեկավարել է այն։ 2011թ. Վերշինինը դարձել է արտաքին գործերի նախարարի Մերձավոր Արեւելքի կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ եւ մտել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կոլեգիայի կազմ։
2013-ից ի վեր նա ակտիվորեն ներգրավված է եղել սիրիական հակամարտության կարգավորման գործում՝ աշխատելով տարբեր միջազգային բանակցային խմբերում։ 2017թ. հունվարին նա գլխավորել է Ռուսաստանի պատվիրակությունը Աստանայի ձեւաչափի բանակցություններում, ինչպես նաեւ մասնակցել է Ժնեւի եւ Վիեննայի հանդիպումներին սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ։
Սերգեյ Վերշինինն ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական կարգ։

