Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հուշագրի կետերի վերաբերյալ Ռուսաստանի կողմից հնարավոր փոխզիջումները բանակցությունների թեմա են, որոնք չեն կարող հրապարակային լինել, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
Պեսկովը նշել է, որ Ստամբուլում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն կոչ է արել չսպասել այսրոպեական որոշումների։
«Աշխատանքը կշարունակվի։ Մենք սպասում ենք փոխանցված հուշագրի տեքստի վերաբերյալ արձագանքին»,- Պեսկովի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքս»-ը։ Կրեմլի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահների եռակողմ հանդիպումը մոտ ապագայում հնարավոր չէ։
«Անկեղծ ասած, դա քիչ հավանական է մոտ ապագայում, քանի որ նախագահ Պուտինը բազմիցս ընդգծել է ամենաբարձր մակարդակով շփումների իր պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ այդ շփումները պետք է լինեն այն համաձայնագրերի արդյունքը, որոնք արդեն մշակվելու են տեխնիկական մակարդակով, փորձագիտական մակարդակով»,- ասել է Պեսկովը։

