Պուտինը և Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են իրանա-իսրայելական հակամարտությունը խաղաղ կարգավորման ուղիով տանելու հեռանկարները։ Ըստ ռուսական ТАСС գործակալության՝ դրա մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ըստ Պեսկովի՝ Իրանի և Իսրայելի միջև մնում են հիմնարար տարաձայնություններ, և իրավիճակը շարունակում է չափազանց լարված մնալ։

Բանակցությունների ընթացքում Պուտինը Իրանի վրա հարվածները որակել է որպես որևէ արդարացում չունեցող չհրահրված ագրեսիա։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում Իրանի ժողովրդին աջակցելու համար։

Արաղչին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Մոսկվային Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները «խիստ դատապարտելու» համար՝ շեշտելով, որ Ռուսաստանը «ճիշտ դիրքորոշում» է զբաղեցնում։ Նա ընդգծել է նաև, որ հակամարտության հետագա սրումը կապված է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով