Լուկաշենկոն ԵԱՏՄ երկրներին զգուշացրել է, որ չփորձեն «առանձին-առանձին գոյատևել»

ԵԱՏՄ երկրները ոչ մի դեպքում չպետք է կորցնեն Խորհրդային Միությունից ժառանգած միասնական շուկան։ Դրա մասին հունիսի 26-ին Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ըստ նրա՝ վերջերս շատ է խոսվել, որ աշխարհում նման անկայունություն կա, և Աստված տա՝ հաղթահարեն այն։

«Եթե մեզնից որևէ մեկը հետխորհրդային տարածքից (դա վերաբերում է տնտեսությանը) կարծում է, թե հնարավոր է այսօր ինչ-որ տեղ առանձին-առանձին գոյատևել, ինչ-որ օգուտ ստանալ, սխալվում է։ Մենք ոչ մի դեպքում չպետք է կորցնենք այն միասնական շուկան, որը ժառանգել ենք և որը մնացել է Խորհրդային Միությունից, այն բարձր տեխնոլոգիական արտադրությունը, որն այսօր ունենք։

Ռուսաստանի օրինակով մենք տեսնում ենք. երբ Արևմուտքը մեծ դժվարությամբ վազում է, Ռուսաստանը փորձում է (և շատ բան է արել այդ առումով) վերակենդանացնել իր արտադրությունը, որը Խորհրդային Միությունում բավականին բարձր մակարդակի վրա էր։ Նույնիսկ ավտոմոբիլային արդյունաբերության մեջ։ Վերցրեք « Лада»-ն («Жигули»-ն, ինչպես մենք էինք անվանում), «Москвич »-ը։ Կան սովորական ավտոմեքենաներ։ Դրանք գուցե դեռ «Մերսեդես» չեն, բայց լավ ավտոմեքենաներ են։ Նույնն է նաև այլ ոլորտներում։ Հետևաբար, մենք չենք կարող թույլ տալ նման սխալներ։

Մենք պետք է պահպանենք այն ամենը, ինչ ժառանգել ենք Միությունից, և այն ամենը, ինչ դեռևս շնչում է այսօր։ Եվ ոչ մի դեպքում չպետք է շուրջը նայել։ Մեզ ոչ մի տեղ ոչ ոք չի սպասում։ Տնտեսությունը մեզ կհասցնի այն կետին, որտեղ մենք դեռ միասին կլինենք։ Սա մեր տարածքն է։ Այն բազմաթիվ սերունդներ են ստեղծել։ Եվ հիմա ժամանակն այնպիսին է, որ պետք է դրան ամենալուրջ ուշադրությունը դարձնենք։ Միայն միասին, ճանաչելով միմյանց և առայժմ խոսելով նույն լեզվով։ Եվ տեսեք, այսօր Մինսկում ներկա են 30 երկրների ներկայացուցիչներ։ Եվ Նիկարագուան, և Մյանման, և Էմիրությունները (վաղը կքննարկենք ազատ առևտրի հարցը), և ուրիշներ, ուրիշներ, ուրիշներ, ովքեր պատրաստ են համագործակցել մեզ հետ։ Բայց մենք՝ ԵԱՏՄ-ի միջուկը, որը ներկա է այսօր Մինսկում, պետք է նրանց ինչ-որ բան առաջարկենք»,- նշել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն նշել է, որ ԵԱՏՄ-ն ցույց է տվել աշխատանքային փոխզիջումներ գտնելու և հիմնական ոլորտներում կայուն արդյունքների հասնելու կարողությունը։

«ԵԱՏՄ-ի ստեղծումից անցել է ավելի քան 10 տարի։ Հոռետեսների կասկածներին հակառակ՝ միությունն ապացուցել է իր կենսունակությունը. այն ոչ միայն գործում է, այլև՝ հաջողությամբ զարգանում»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։

Ըստ նրա՝ տասնամյակի ընթացքում միության երկրների միջև փոխադարձ առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է, արտաքին առևտրի ծավալը աճել է 37%-ով, իսկ համախառն ՀՆԱ-ն՝ գրեթե 18%-ով։ Արդյունաբերական արտադրությունն աճել է 30%-ով, գյուղատնտեսությունը՝ 25%-ով, բեռնափոխադրումները՝ 10%-ով, իսկ ներդրումները՝ ավելի քան 40%-ով։ Գործազրկության մակարդակը գրեթե կիսով չափ նվազել է և այժմ կազմում է 2.8%։

Լուկաշենկոն նաև նշել է մաքսազերծ առևտրի առավելությունները, միասնական իրավական նորմերի կիրառումը և ազգային արժույթներով հաշվարկները։ Նա հիշեցրեց «Աշխատանք առանց սահմանների» թվային ծառայության գործարկումը, որը ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին ապահովում է հավասար իրավունքներով զբաղվածության, կենսաթոշակային ապահովման և դիպլոմների ճանաչման ոլորտներում։

Բելառուսի նախագահն ընդգծել է, որ միությունն այժմ դիտորդներ ունի աշխարհի տարբեր տարածաշրջաններից, որոնց հետ կնքվում են առևտրային համաձայնագրեր։ Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ն ընդգրկում է մոլորակի բնակչության մեկ հինգերորդը և տարածքային առումով ամենամեծ ինտեգրացիոն միավորումն է, որտեղ կենտրոնացած է բոլոր ուսումնասիրված բնական պաշարների գրեթե 25%-ը։

Լուկաշենկոն հավելել է, որ ԵԱՏՄ-ն աշխարհում առաջինն է նավթի արդյունահանմամբ, երկրորդը՝ գազի և պարարտանյութերի արտադրությամբ, երրորդը՝ ցորենի, կարտոֆիլի, անասնապահական մթերքների արտադրությամբ և երկաթուղիների երկարությամբ, ինչպես նաև առաջին 4-ի մեջ է՝ ածխի, թուջի և պողպատի արտադրությամբ, մսի արտադրությամբ և ճանապարհների երկարությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով