Ռուսաստանը միշտ աջակցում և ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկացած ջանք Մերձավոր Արևելքում կարգավորման ուղղությամբ և ցանկանում է, որպեսզի նրա խաղաղության ծրագիրը իրականացվի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանում միշտ աջակցում և ողջունում են Թրամփի ցանկացած ջանք, որոնք նպատակ ունեն կանխել այն ողբերգությունը, որը տեղի է ունենում հիմա», — պատասխանել է Պեսկովը Թրամփի՝ Գազայի հատվածի իրավիճակի վերաբերյալ խաղաղության ծրագրի մասին հարցին, որը հրապարակվել էր նախօրեին։
«Մենք ցանկանում ենք, որ այս ծրագիրը կյանքի կոչվի, որպեսզի այն կարողանա նպաստել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների խաղաղ ավարտին», — պարզաբանել է Կրեմլի խոսնակը։
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում արաբ և մուսուլման առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Գազայի հատվածում հակամարտության կարգավորման նոր ծրագիր, հաղորդում է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Ծրագրի անվտանգության հիմնական տարրը արաբական և մուսուլմանական ուժերից բաղկացած ռազմական կոնտինգենտը Գազա ուղարկելու գաղափարն է՝ հակամարտության ավարտից հետո անկլավը կայունացնելու համար: Ավելին, ամերիկյան առաջարկը ներառում է կետ, որը կոչ է անում անհապաղ ազատ արձակել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող բոլոր պատանդներին:

