ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ամերիկյան հեռահար Tomahawk հրթիռների մատակարարումը Ուկրաինային իրավիճակը մարտադաշտում չի փոխի։ Դրա մասին, ըստ «Коммерсантъ»-ի, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։
«Վլադիմիր Պուտինը կրկնել է իր թեզը, որ Tomahawk հրթիռները իրավիճակը մարտադաշտում չեն փոխի, սակայն զգալի վնաս կհասցնեն մեր երկրների միջև հարաբերություններին»,- լրագրողներին ասել է Ուշակովը։
Զրույցը տևել է մոտ երկուսուկես ժամ, որը նախաձեռնել է Մոսկվան։
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերը լիարժեք ռազմավարական նախաձեռնություն են պահպանում ամբողջ առաջնագծի երկայնքով, և, հետևաբար, Կիևին նոր զենքի մատակարարումը ռազմական առումով անիմաստ է, իսկ քաղաքականապես՝ վտանգավոր։
Ըստ Ուշակովի՝ Ռուսաստանի նախագահն իր ամերիկացի գործընկերոջը զգուշացրել է նաև, որ նման գործողությունները կսրեն հակամարտությունը և կխաթարեն ռուս-ամերիկյան հարաբերություններում ի հայտ եկող դրական միտումները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հաշվի առնել Վլադիմիր Պուտինի բոլոր փաստարկները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հոկտեմբերի 17-ին Վաշինգտոնում նախատեսված հանդիպման ժամանակ։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե հակամարտությունը չկարգավորվի, ԱՄՆ-ն Ուկրաինային Tomahawk հրթիռներ կմատակարարի։

