Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է հեռահար ուղերթների բեռնատարների հայ վարորդների խնդրին առնչվող հարցը։
«Ինչպես գիտեք, Ռուսաստանում վերջին միգրացիոն փոփոխությունները լուրջ խնդիրներ են առաջացրել ԵԱՏՄ երկրներում՝ բեռնատարների վարորդների և բեռնափոխադրողների համար։ Հայաստանում նույնիսկ բողոքի ցույցեր են եղել։ Վարորդները փակել են անցակետերը։ Գիտեմ, որ այդ հարցը բարձրացվել է Եվրասիական հանձնաժողովի շրջանակում։ Ես կցանկանայի իմանալ՝ արդյոք կա՞ որևէ փոփոխություն, որևէ լուծում այս հարցում, որը կօգնի բեռնատարների վարորդներին վերսկսել իրենց աշխատանքը Ռուսաստանում»,- հարցրել է Զախարովային հայ լրագրողը։
«Դատելով այն փաստից, որ, ինչպես ասացիք, Հայաստանում հանրահավաքներ են տեղի ունենում ոչ միայն բեռնատարների վարորդների, այլև այլ, շատ ավելի լայն հարցերի համար, ինձ թվում է, որ այնտեղ դա միակ խնդիրը չէ։
Ինչ վերաբերում է բեռնատարների վարորդների մասին ձեր հարցին, այդ խնդրով զբաղվում են Ռուսաստանի համապատասխան մարմինները։ Դրանց թվում են Ներքին գործերի նախարարությունը և Տրանսպորտի նախարարությունը։ Հետևաբար, եթե ունեք որևէ կոնկրետ հարց, խնդրում եմ, ուղղեք այն։ Մենք կարող ենք օգնել ձեզ, կամ դուք կարող եք օգնել մեզ համապատասխան մարմինների միջոցով»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Լրագրողն իր հերթին նշել է, որ միակ հարցն այն է, թե երբ կգտնվի լուծում, քանի որ դա շատ լուրջ խնդիր է առաջացնում, և ոչ միայն հայ վարորդների համար։
«Դե, բոլորը, իհարկե, նպատակաուղղված են արագ կարգավորման վրա։ Վախենում եմ, որ ոչ ոք ի վիճակի չէ ճշգրիտ ամսաթիվ նշել։ Բայց կրկին, խնդրում եմ, կարող եմ ճշտել մեր գործընկերների հետ և անհրաժեշտության դեպքում ավելի մանրամասն պատասխանել»,- նշել է Զախարովան։

